«Հայաստանում մեր քաղաքական վերնախավը դեռ չի հասունացել, որպեսզի ընդունի այնպիսի որոշումներ, որ այդ զոհերը բնորոշվեն որպես ցեղասպանության զոհեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա պնդմամբ՝ 1988-1992թթ. տեղի ունեցած դեպքերը եւ դրանից հետո Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը ունեն մեկ անվանում`ցեղասպանություն:
Ըստ նրա, թուրքերը եւ ադրբեջանցիները նույն տարածաշրջանում` նույն քաղաքականությունն են վարում, նրանց հիմնական խնդիրն է բնաջնջել հայերին.
«Ցեղասպանությունը ուղղված է մի ամբողջական միավորի եւ անհատների դեմ: Նրանք կառավարության կողմից պետք է պատժվեն: Ցեղասպանության զոհերը մեր մեջ են, չպետք է փնտրել զառամյալների, ովքեր ենթարկվել են թուրքական կառավարության կողմից կազմակերպված ոճրագործությանը»:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի համոզմամբ՝ իրենք մշտապես փորձում են նոր տեղեկություններ փնտրել եւ ապացուցել, որ ցեղասպանություն եղել է.
«Այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում 25 տարի առաջ, իր տրամաբանական շարունակությունը ունեցավ հաջորդ տարիներին: Մեթոդները, որոնք կիրառվել են Ադրբեջանում հայերի նկատմամբ, նույնն են, ինչ օգտագործվել են Թուրքիայում 1915 թվականին»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ