Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանն ընդդեմ արդարադատության խորհրդի

Հունվար 15,2013 16:43

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը նոր հանգամանքի հիմքով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ պահանջելով ՀՀ Արդարադատության խորհրդի գործողությունները վիճարկելու վերաբերյալ գործով բեկանել Վերաքննիչ վարչական դատարանի 06.04.2012թ.-ի որոշումը: Դա հնարավորություն կտա նրան դիմել վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ ԱԽ կարգապահական հանձնաժողովին պատշաճ պատճառաբանել մերժումը:

Փաստաբանը մի քաղաքացիական գործով դիմել էր ՀՀ ԱԽ՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի նկատմամբ, ով, ըստ փաստաբանի, չի հետազոտել գործի ապացույցները: ԱԽ-ն «երկու բառով մերժել էր» փաստաբանի դիմումն այն հիմնավորմամբ, որ ԱԽ-ն չի գտել կարգապահական գործ հարուցելու հիմքեր:

Գործն այս պահի դրությամբ պայմանականորեն բաժանվում է երկու մասի՝ մինչև Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 18-ի որոշումն ու դրանից հետո: Մինչև ՍԴ դիմելը Վարչական, Վերաքննիչ վարչական ու Վճռաբեկ դատարանները պարզապես վերադարձրել էին փաստաբանի հայցադիմումները՝ պատճառաբանելով, որ Արդարադատության խորհուրդն արդեն իսկ դատարան է:

Իսկ «նոր հանգամանքը» Սահմանադրական դատարանի հիշյալ որոշումն է, որում նշվում էր, որ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը պարտավոր է անձի դիմումը մերժելու դեպքում իր պատասխանում հիմնավորել վարույթ չհարուցելու պատճառները:

Միաժամանակ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել էր, որ վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայվելու:

ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, հրապարակելով ՍԴ որոշումը, հավելել էր, որ Սահմանադրական դատարանը համակարգային խնդիր տեսնում է, այն չի թաքնված օրենքի կետի ու օրենքի լուծումների մեջ, այլ խնդիրը սահմանադրական բնույթի է:

Այդուհանդերձ, ինչպես նշեց «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Գ.Գյոզալյանը, ինքը 99 տոկոսով համոզված է, որ այս դիմումն էլ է վերադարձվելու և ՍԴ այս որոշումը ևս դասվելու է ՍԴ հերթական չկատարված որոշումների շարքում:

«Եթե նշված բողոքը վճռաբեկ դատարանն ընդունի վարույթ և բեկանի վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, ապա կստացվի, որ այսուհետ ԱԽ գործողությունները՝ անձանց դիմումների հիման վրա, կարգապահական վարույթ չհարուցելու մասով ենթակա կլինի բողոքարկման վարչական դատարանում»,- նշեց Գևորգ Գյոզալյանը՝ հորդորելով բոլոր անձանց, ովքեր դիմում են ԱԽ-ին՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով և ԱԽ առանց պատշաճ պատճառաբանելու մերժում է անձանց դիմումները, ապա պարտադիր դիմել վարչական դատարան:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031