Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, սկսվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլի 12-ին` Գյումրու նախկին քաղաքապետի ավագ դստեր` Մանյայի ու Կարենի նշանադրության օրը, դաժանաբար սպանել էին փեսացուին:
Կարդացեք նաև
Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն կատարելը և 188 հոդվածի 1-ին մասով` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրակացնելը, մեղադրանք է առաջադրվել Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդու` 1983 թվականին ծնված Հարություն Սարգսյանի նկատմամբ:
Այսօրվա դատական նիստը սկսվեց մոտ 1 ժամ ուշացումով, իսկ մինչ այդ ամբաստանյալի հարազատները բողոքի ակցիա անցկացրեցին դատարանի դահլիճի դիմաց` պահանջելով գտնել իրական մարդասպանին:
Դատը սկսվելուն ու ամբաստանյալին դահլիճ ներս բերելուն պես, սպանված երիտասարդի մայրը`Անահիտ Եսայանը, բացականչեց. «Բերին, բերին Սաֆարովին, տեսե~ք, թքեմ քո երեսին, մարդասպա՛ն, դահի՛ճ»: Ամբաստանյալը միանգամից անցավ ինքնապաշտպանության. «Տիկի՛ն, մի վաճառեք ձեր որդու արյունը, թողեք բացահայտվի ով ում է սպանել, վերև Աստված կա, Աստված տեսնում է՝ ով ով է»: Տիկին Անահիտը վրդովված հակադարձեց. «Եթե Աստված լիներ, քո նմանները չէին ծնվի»:
Ամբաստանյալը խնդրեց իրեն չնկարահանել, ինտերնետով ու հեռուստաընկերություններով չցուցադրել: «Իմ խոսքը ձայնագրեք, դատը նկարահանեք, բայց ոչ ինձ, ես ճնշված եմ զգում տեսախցիկներից, և արգելում եմ ինձ ցուցադրել: Ինձ արդեն նկարահանեցին, ո՞վ պիտի պատասխան տա, ես պահանջում եմ ինձ հանկարծ չցուցադրել», կրկնեց ամբաստանյալը: Այնուհետ նա առաջարկեց քանդել իր ձեռնաշղթաները, որին ի պատասխան՝ սպանված Կարեն Եսայանի մայրը դարձյալ արձագանքեց. «Մի՛ քանդեք, հենց քանդեցիք, ձեզ էլ կսպանի»:
Դատավորը ճշտեց Հարություն Սարգսյանի կենսագրական տվյալները. պարզվեց, որ նա անհատ ձեռներեց է, ծնված լինելով Աշոցքում, միաժամանակ բնակվում է և՛ Գյումրիում, և՛ իր ծննդավայրում: Եվ երբ դատավոր Մարտին Սարոյանը հետաքրքրվեց, թե ֆիզիկապես առո՞ղջ է ամբաստանյալը, վերջինս բորբոքվեց` ասելով . «Առողջ էի, Կարեն Բաբակեխյանի ծեծից հետո, էլ ի՞նչ առողջություն, գլխիս ուռուցք ունեմ, որը պատճառել է ինձ մսագործ, ղասաբ Բաբակեխյանը (խոսքը Շիրակի մարզի ոստիկանապետի մասին է.- Ա.Ն.):
Իսկ երբ հետաքրքրվեցին, թե երիտասարդը բանակում ծառայե՞լ է, նա հրաժարվեց պատասխանել այդ հարցին՝ նշելով, որ միջնորդում է իրեն ապահովել փաստաբանով: Դատավոր Սարոյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն ներկայացել նրա փաստաբանները, որոնցից մեկը, ի դեպ, Լուսինե Սահակյանն է: Այս հարցին պատասխանեց ամբաստանյալի հայրը` Սամվել Սարգսյանը ` պատճառաբանելով, որ նրանք Հայաստանում չեն , և 3 փաստաբանից միայն մեկը կարող է ներկայանալ հունվարի 29-ին կամ 30-ին:
Այնուհետ սկսվեց անկառավարելի մի իրավիճակ. քանի որ դատարանի այս հարցին պատասխանեց Անիի նախկին ոստիկանապետը, տուժող կողմի շահերի պաշտպան Վարդուհի էլբակյանը հարցրեց, թե ո՞ր իրավունքով է հայրը պատասխանում: Նա նաև նշեց, որ հոր ասածը չի համապատասխանում իրականությանը. ամբաստանյալների շահերի պաշտպանները երկրից չեն բացակայում:
Դատավոր Մարտին Սարոյանն էլ արդարացրեց Անիի նախկին ոստիկանապետին` պատճառաբանելով, որ տղան կալանքի տակ է, հայրն է զբաղվել փաստաբանների հարցերով, հետևաբար և նա է պատասխանում: Այդուհանդերձ, փաստաբանը նկատեց, որ օրենքը նման բան թույլ չի տալիս: Նրանց խոսակցությանը միջամտեց Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը` ցույց տալով իր որդուն ու ասելով. «Ես սրա հայրն եմ»:
Ամբաստանյալին «սա» դերանունով դիմեց նաև տուժողի երկրորդ փաստաբանը` Արմեն Մելքոնյանը, որն էլ թունդ վեճի առիթ դարձավ: Ամբաստանյալն արգելեց իր հետ այդ լեզվով խոսել` նեղսրտելով, որ նա իր հայրն է, ինչպես ուզի իր հետ կխոսի, իսկ փաստաբանը այդ իրավունքը չունի:
Անիի նախկին ոստիկանապետը ևս վրդովվեց `գոռալով, պատիվ պահանջելով, ամենավերջին բառերը տեղալով ոստիկանապետ Բաբակեխյանի հասցեին՝ իր բառերով ասած՝ «անմեղ որդուն նստեցնելու համար»: Նախկին ոստիկանապետին դուրս հրավիրեցին դահլիճից, ամբաստանյալին փաստաբանով ապահովելու համար էլ դատը հետաձգեցին մինչև փետրվարի 15-ը:
Դատավոր Մարտին Սարոյանը դատական նիստի ավարտից հետո ներկաներին հորդորեց զսպել զգացմունքները, անձնական վիրավորանք չհասցնել միմյանց հասցեին, այլապես սպառնաց չթույլատրել մասնակցելու դատական նստերին: