ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով 2012թ.-ին դիմել են 565 օտարերկրյա քաղաքացիներ, որոնցից 494-ը` Սիրիայի, իսկ մյուսները հիմնականում Իրաքի, Իրանի, Կոտ դ`Իվուարի, Գվինեայի, Թուրքիայի քաղաքացիներ են: Տարածքային կառավարման նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, նրանցից ՀՀ-ում փախստական են ճանաչվել և ապաստան են ստացել 145-ը: «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում բնակվելու համար 48 ապաստան հայցողների տրվել է ուղեգիր: Բացի այդ, ծառայության տնօրինության տակ եղած ռեզերվների հաշվին Սիրիայից ժամանած 99 անձի տրամադրվել է ժամանակավոր կացարան, 18 սիրիահայեր տեղավորվել են մասնավոր անձանց մոտ:
Փախստականների հիմնահարցերից շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նրանց բնակապահովման խնդիրը: 1988-92 թթ. Ադրբեջանից բռնագաղթած 1172 փախստական ընտանիք, որից 857-ը` Երևան քաղաքում, 315-ը` Հայաստանի տարբեր մարզերում, դեռևս համարվում են բնակապահովման առաջնահերթ ծրագրի շահառուներ:
2012թ. հոկտեմբերին ընդունվել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի արդյունքում շուրջ 214 ընտանիք հնարավորություն կունենա սեփականաշնորհելու զբաղեցրած բնակարանը: 2012 թ. ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 214 փախստական: Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 86 200: