Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացագետը Բիձինա Իվանիշվիլու հայաստանյան այցից մեծ ակնկալիքներ չունի (Տեսանյութ)

Հունվար 15,2013 15:40

Վրացագետ Հայկազուն Ալվրցյանն այսօր «Ելակետ» ակումբում խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին՝ փաստեց. «Վրաստանն այսօր պատմության դասագրքերում, որոնք ըստ էության պետական, պաշտոնական փաստաթուղթ են , Հայաստանից ունի տարածքային պահանջներ: Այդ դասագրքերում այնպիսի քարտեզներ են գծվում, որոնցում Հայաստանի, նաեւ պատմական Հայաստանի շատ տարածքներ, այդ թվում Անին, Վրաստանի տարածքի մաս են: Սրանք քաղաքական ստորջրյա հոսանքներ են, որոնց գումարվում է նաեւ վրացական ազգայնական մամուլը եւ մտավորականությունը՝ Ադրբեջանին ու Թուրքիային հակահայկական քարոզչությամբ: Այս բոլոր հակասություններն իրար գումարվելով՝ ստեղծում են մի այնպիսի հարաբերություն, որը չի կարելի համարել բնականոն երկու հարեւան ժողովուրդների համար եւ գոնե Հայաստանի համար բավականին լուրջ սպառնալիքներ է պարունակում»:

Ինչ վերաբերում է Ջավախքի խնդրին, Ալվրցյանի ասելով. «Ջավախքի հարցերով Հայաստանի հետաքրքրությունները բոլորովին չեն նշանակում միջամտություն Վրաստանի ներքին գործերին, քանի որ Ջավախքը պատմականորեն հայաբնակ եւ հայկական տարածք է»:

Ըստ վրացագետի, Հայաստանն ունի բոլոր իրավունքները՝ հետաքրքրվելու Ջավախքի իր հայրենակիցների ճակատագրով, սակայն հայկական կեցվածքը հայտարարություններից այն կողմ չի անցնում, ինչը վրացական կողմին իրավունք է տալիս էլ ավելի խստացնել ճնշումները բոլոր ոլորտներում:

Իսկ ի՞նչ կարծիքի է հունվարի 17-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ: Մասնագետը լուրջ փոփոխությունների ակնկալիքներ չունի, ասում է՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի փոխհարաբերություններն այնպիսին են եւ այնքան խորացված՝ տնտեսական-ռազմական ու այլ տեսակետներից, որ դրանցից կտրուկ հրաժարվել եւ հետքայլ կատարել Վրաստանն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող:

Ալվրցյանի կարծիքով, Վրաստանի վարչապետի հայաստանյան այցի պարագայում մի բան ակնհայտ է. « Իվանիշվիլու իշխանության գալը տարածաշրջանային որոշ ուժերի եւ գերտերությունների կողմից անպայմանորեն դիտվելու եւ օգտագործվելու է տարածաշրջանի բեռնվածությունը, լարվածությունը մեղմելու նպատակով, իսկ հակասությունների կարեւորագույն հանգույցները կոմունիկացիաներն են, մասնավորապես ռազմավարական նշանակության ճանապարհները, եւ Հայաստանի համար մեծ նշանակություն ունեցող աբխազական երկաթուղին»: Նրա խոսքով, տարածաշրջանում խնդիրները լուծելու հնարավորություն են ուզում ստեղծել, եւ պատահական չեն Իվանիշվիլու առաջին 3 այցերը տարածաշրջան՝ Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, ինչին հաջորդելու է նրա այցը ԱՄՆ. «ԱՄՆ-ը կարեւորագույն գերտերություններից մեկն է, որը ոչ միայն շահեր ունի տարածաշրջանում, այլեւ կարողանում է ազդել պետությունների փոխհարաբերությունների եւ ուժերի ընդհանուր դասավորվածության վրա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031