Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին. «Ոչ պայմաններ է առաջարկում, ոչ խնդիրներ է առաջարկում, ոչ էլ գործընթաց առաջարկում»

Հունվար 15,2013 15:37

«Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք պատճառ է նշել, թե ինչի՞ համար չի առաջադրել իր թեկնածությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ հիմնավոր համարո՞ւմ է այդ պատճառները, ասաց. «Երկրորդ նախագահի խոսքն է, իհարկե, հետաքրքրություն պիտի առաջացնի, բայց քաղաքական այս պայմաններում, կարծում եմ, որ այդպես հատուկ վերլուծությունների խնդիր չունի: Կարծիք է, արտահայտել է իր կարծիքը, մեկնաբանել է, թե ինչո՞ւ չի առաջադրվել: Կարելի է ընդունել, կարելի է չընդունել, կարելի է բաներ գտնել մեջը: Այսինքն, ուզում եմ ասել, որ հարցազրույցը պիտի հարգենք, բայց, կարծում եմ, որ այսօրվա առումով որոշակի ոչ պայմաններ է առաջարկում, ոչ խնդիրներ է առաջարկում, ոչ էլ գործընթաց առաջարկում»:

Հետաքրքրվեցինք՝ այս հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանն ո՞ւմ եւ ի՞նչ է ուզում հասկացնել: Մասնավորաբար, երբ ասում է. «Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի»: Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Ես կարծում եմ՝ պիտի ուղիղ նայել հարցազրույցին: Տողատակերում պետք չէ բան որոնել: Ասել է այն, ինչի մասին մտածել է: Կարելի է ընդունել, կարելի է՝ չընդունել»:

Մեր զրուցակիցը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից «շատ սովորական» տպավորություն է ստացել. «Հայ մարդու, երկրորդ նախագահի ասած խոսք»:

Մեր մյուս հարցին էլ՝ իր տպավորությամբ երկրորդ նախագահը մեծ քաղաքականություն վերադառնալու տպավորություններ ունի՞, թե՞ ոչ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Սա այն պահը չի, որ էդպես հետազոտական, քննարկելի նյութ դարձնենք եւ պրոգնոզներ անենք: Դեռեւս նախագահական ընտրություններ են լինելու, իսկ նախագահի յուրաքանչյուր ընտրությունից հետո քաղաքական նոր իրավիճակներ են ստեղծվում, քաղաքական նոր պայմաններ են առաջանում, մոտեցումներ են ձեւավորվում: Այնպես որ՝ վերլուծություններ կատարելու ճիշտ ժամանակ չէ»:

Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին խոսել է իր նախագահությունից հետո Հայաստանում արտագաղթի ու տնտեսական ճգնաժամի խորացումից, կարկառուն ՀՀԿ-ականին չի հուզում: Ավելին, ասում է. «Նույնն է, ինչ մենք ենք ասում, ինչն ասում է ընդդիմությունը՝ քաղաքական սպեկուլյացիայի մոտիվներով: Այնպես որ, այսօր էլ եթե նախագահի ծրագիրը նայեք, այդ բոլորը ըմբռնում ենք եւ հետագա ծրագիրը կառուցված է այդ խոցելի կողմերի վրա, որ մեր հասարակության մեջ կան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031