Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. Էպոսագետի նման թեկնածուները զոքանչի մոտ գլուխ գովելու համար են առաջադրվել

Հունվար 15,2013 15:14

Այսօր քաղաքագետ Արմեն Բադալյանը առաջիկա նախագահական ընտրությունները որակեց պետպատվերի շրջանակներում նախատեսված նկարչություն: Հիշեցնենք, քաղաքագետն ասել էր, որ գյուղապետերին ՀՀԿ-ն ցուցակներ է ներկայացնելու ու պահանջելու ընտրողների մասնակցությունն ու նախագահի երկրորդ թեկնածուին տված ձայները նկարել:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը վառ երեւակայության մշակած սցենար համարեց ընտրությունները նկարչություն կամ միջոցառում համարող քաղաքագետի գնահատականները: «Ընտրություններին ժողովրդի դերակատարությունը զրոյի հանգեցնելը մարդկանց վիրավորել է նշանակում, նման բան չկա, ոչ էլ պլանավորվում է, եւ չի էլ կարելի պլանավորել նույնիսկ մեծ ցանկության դեպքում»,- Aravot.am-ին ասաց պարոն Բադեյանը:

Նրա համոզմամբ, ընտրություններում լուրջ պայքար չի լինելու, որովհետեւ ՀՀԿ թեկնածուի դեմ որեւէ լուրջ թեկնածություն չկա:

Պարոն Բադեյանը, անդրադառնալով քաղաքագետ Բադալյանի պնդմանը, թե

ընտրությունները դեռ չսկսված՝ արդեն ունենք էպոսագետին հաղթած նախագահ, ասաց. «Չեմ հասկանում՝ ինչ եք ասում, երեւի մի հիմար մի բան ասել է, չեմ մեկնաբանելու: Ի՞նչ անենք, նախագահը մտածի՝ իր դեմ ում դնի՞ մի հզոր թեկնածու, որ էպոսագետ չլինի՞, ո՞նց եք պատկերացնում»:

Հետո էլ ասաց, որ էպոսագետի նման թեկնածուները, որոնց մի մասն էլ մաղվեց, նախագահ դառնալու նպատակ չունեն. «Նրանք հետապնդում են իրենց ցույց տալու խնդիր, կարող է՝ ուզում են իրենց գլուխը զոքանչի մոտ գովել: Նրանք որեւէ կապ չունեն քաղաքական իրադարձություն անվանելու հետ, նրանք զավեշտի ոլորտից են»:

Պարոն Բադեյանը անդրադարձավ նաեւ Բաղրամյան 26-ի կողմից արդեն որոշված նախագահի 2-րդ թեկնածուի մասին քաղաքագետի պնդումներին: «Էդ ի՞նչ ա Բաղրամյան 26-ը: Իմ կարծիքով, նշանակություն չունի՝ ով կլինի 2-րդը, որովհետեւ 2-րդը ոչինչ է, ինչպես 3-րդն ու 4-րդը: Նախագահը մեկն է լինում: Որեւէ իմաստ չունի ընտրությունները կեղծելու, ապօրինություններ անելու, իմաստ չունի, որովհետեւ թեկնածուն ակնհայտորեն մեծ առավելություն ունի»:

Պարոն Բադեյանը նաեւ ընդդիմությանը մեղադրեց ոչ մրցակցային ընտրությունների համար. «Եթե ընդդիմությունը կազմակերպված չէ, իր խնդիրն է: Թող լինեին ավելի կազմակերպված, ունենային ավելի մեծ աջակցություն հասարակության կողմից, եւ այդ դեպքում ընտրությունները միգուցե կլինեին ավելի լարված ու ինտրիգ պարունակող: Եթե հիմա այդպիսին չէ, դրա մեղավորը միայն ընդդիմությունն է ՝ որպես չկայացած, չկազմակերպված, հասարակությանը գաղափարախոսություն չներկայացրած մի հեղհեղուկ զանգված: Նրանց մեղքն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031