Այսօր քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսելով նախագահական ընտրությունների, առաջադրված թեկնածուների մասին, կարծիք հայտնեց, որ որոշ թեկնածուներ, ընտրություններից հետո քաղաքականության մեջ երեւալու համար են մասնակցում. «Այն ընթացքը, որն ունենք այսօր, դա կապված է մայիսին կայացած ԱԺ ընտրությունների հետ։ Ելնելով այդ ռեսուրսներից, այսօր մենք ունենք այն, ինչ ունենք»։
Մինասյանի խոսքով՝ թեկնածուներից ոմանք քաղաքական դաշտում այս կամ այն ձեւով գոյություն ունեին ու տարբեր դեր էին խաղում, ինչն էլ պայմանավորված է այն քաղաքական դերով, որով փորձում են կուսակցությունները խաղալ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական կյանքում. «Այն իրավիճակը, որ կա Հայաստանում, տեխնիկական բնույթ է կրում։ Ստեղծված օբյեկտիվ իրավիճակը Սերժ Սարգսյանի համար ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում»։
Մինասյանի խոսքով՝ ինքը քաղաքական գործիչների հայտարարություններին վերաբերում է իբրեւ քաղաքական գործիչների հայտարարություններ, որոնք սովորաբար արվում են ընտրությունների ժամանակ։
Ըստ Մինասյանի՝ քաղաքական կյանքը չի սկսվում ու ավարտվում ընտրություններով. «Ընտրությունները քաղաքական կյանքի երեւացող մասն են։ Ակնհայտ է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում քաղաքական կյանքն այնքան էլ վտանգավոր չի լինի, նույն ֆորմատը կշարունակվի»։
Կարդացեք նաև
Մեկնաբանելով թեկնածուներին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանից բացի ոչ մի թեկնածու հաղթելու հույս չունի: Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում ազդելու լծակներ կլինեն, իսկ Արման Մելիքյանի պարագայում՝ ինքն այդ լծակը չի տեսնում։ Ինչ վերաբերում է Վարդան Սեդրակյանին, ապա ըստ քաղաքագետի՝ վատ տարբերակ չէ։
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ