Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Գաճաճ թեկնածուներն իրատես չեն» (Տեսանյութ)

Հունվար 15,2013 14:56

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր «Ֆորում» ակումբում պատասխանելով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի այն մեղադրանքներին, թե «Ադիբեկյանի սոցհարցումներն ունեն քարոզչական նպատակ», ասաց. «Նախագահի թեկնածուներից մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչպե՞ս պետք է հագնվի թեկնածուն, ո՞ւմ հետ ինչպե՞ս պիտի խոսի, ինչպիսի բառապաշար պիտի օգտագործի եւ այլն: Քանի որ գաճաճ թեկնածուներն այս ամենի մասին պատկերացում չունեն, ապա նրանց թվում է, թե սոցհարցումները արվում են քարոզչության համար»:

Ըստ սոցիոլոգի, «գաճաճ» թեկնածուները նրանք են, որոնք գերագնահատում են իրենց հնարավորությունները եւ իրատես չեն: Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ, ո’չ Պարույր Հայրիկյանը, ո’չ Արամ Հարությունյանը, ո’չ Արման Մելիքյանը, ո’չ Անդրիաս Ղուկասյանը նախագահ դառնալու շանսեր չունեն եւ իրենց «իրատեսությունը լրիվ կորցրել են»:

Սոցիոլոգի տվյալներով, Պարույր Հայրիկյանն այս անգամ էլ 3 տոկոսից ավելի ձայն չի հավաքի. «Մանկամտություն է, որ ինչ-որ թեկնածու անտեսելով իրական սոցիալական խնդիրները, իր կարողությունների զրոյական լինելը՝ հավակնում է նախագահ դառնալ: Մարդիկ չեն պատկերացնում, թե նախագահ դառնալու համար վերելակ չեն տեսնում, այլ պետք է աստիճաններով բարձրանալ»:

Ահարոն Ադիբեկյանը տեսականորեն ընտրությունների 2-րդ փուլը հնարավոր է համարում: Դա կյանքի կոչելու համար պետք է ունենալ կարողություններ, բայց «գաճաճ թեկնածուներից», ըստ Ադիբեկյանի, որեւէ մեկը նման հնարավորություններ չունեն:

Հարցին, թե արդյոք այդ «գաճաճ թեկնածուները» ծառայություն չե՞ն մատուցում իշխանություններին` ձայներ փախցնելով լուրջ թեկնածուներից, պարոն Ադիբեկյանն ասաց. «Չի կարող թեկնածուն, որը միչեւ 1 տոկոս ձայն հազիվ է հավաքում, ինչ-որ ազդեցություն ունենա ընտրությունների կամ ուժեղ թեկնածուի վրա: Ազդեցություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե թեկնածուն կարողանա լուրջ ձայներ խլել ընտրապայքարի արդյունքում»:
Սոցիոլոգը հայտնեց, որ 4 հարցում արդեն արել են եւ եւս 3-ը պատրաստվում են անել: ՀՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել օգտվել Ահարոն Ադիբեկյանի մատուցած ծառայություններից եւ պատվիրելու է կանխատեսել ընտրությունների ակտիվության մակարդակը:

Ըստ պարոն Ադիբեկյանի, միշտ նախագահական ընտրությունները 60-65 տոկոս ընտրողների մասնակցություն են ապահովել, բայց այս անգամ, ինչպես սոցիոլոգն է փաստում, «դեմարշների հետեւանքով, որին այս անգամ դիմել են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, նրանց կողմնակիցների մի մասը հնարավոր է հիասթափված լինեն եւ ընդհանրապես չգնան ընտրության. «Այդ անկումը բավականին բացասաբար կընկալվի մեր արեւելյան գործընկերների կողմից եւ կասեն՝ այս ինչ նախագահի ընտրություններ է, որ ընտրողների մեծ մասը հիասթափված չի գալիս ընտրությունների»:

Սոցիոլոգի ամենաթարմ հարցումների արդյունքում ընտրողների 52 տոկոսն է հայտնել, որ հետաքրքրված է նախագահի ընտրություններով:
Այն հարցին էլ, թե ընտրություններից հետո մարդիկ ավելի շա՞տ են հիասթափվում ու որոշում լքել երկիրը, պարոն Ադիբեկյանը պնդեց, որ արտագաղթը պայմանավորված չէ ընտրական վիճակով: Նրա մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031