Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չեխիայում բարձր են գնահատել հայկական հնագույն ծեսերն ու ավանդույթները

Հունվար 15,2013 14:41

Դեկտեմբերի 13-16-ը Չեխիայում անցկացվել է Հռոմի պապ Հովհաննես 2-ի հիմնած «Հարմոնիա» միջազգային փառատոնը, որին Հայաստանից մասնակցել է «Տոնացույց» ժողովրդական թատրոնի 11-հոգանոց խումբը: Այս մասին այսօր` «Տեսակետ» ակումբում հայտնեց «Տոնացույցի» գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը: «Հարմոնիան» Սուրբ ծննդյան համամարդկային փառատոն է, որտեղ բոլոր քրիստոնյա երկրների ներկայացուցիչները ցույց են տալիս տոնի իրենց ավանդույթները: Փառատոնի ղեկավարությունը բարձր գնահատեց մեր ծեսերն ու ավանդույթները: Ընդհանուր առմամբ` մեծ հաջողություն ունեցանք, լեփ-լեցուն դահլիճներում վեց համերգ տվեցինք, որոնք բազմիցս լուսաբանվեցին: Թվում էր, թե հայերի մասին ոչինչ հայտնի չէ, բայց բոլորը տեղեկացան առաջին քրիստոնյա երկրի մշակույթի մասին»,-հավելեց տիկին Բաղրամյանը:

Նա նշեց, որ թատրոնը ստեղծվել է 2005թ.-ին եւ գործում է Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում. «Այդտեղ ստեղծել ենք հնագույն տոների յուրահատուկ թանգարան` բոլոր ատրիբուտներով: Մեր նպատակն է` վեր հանել եւ ներկայացնել հայկական հնագույն տոներն ու ծեսերը, քանզի դրանց սիմվոլիկան համամարդկային արժեք է: Եթե չպաշտպանենք մեր ունեցածը, այն կկորի եւ կհանգեցնի հայի էության կորստին: Անընդհատ պետք է անդրադառնալ մեր ազգային տոներին եւ ծեսերին, որովհետեւ գլոբալիզացիայի պայմաններում դրանք արագ վերանում են: Բացի այդ, հաճախ ժողովրդական երգերի մշակումներ են անում, ինչն անթույլատրելի է»:

Հասմիկ Բաղրամյանը նաեւ ասաց, որ «Տոնացույցը» պարբերաբար մասնակցում է միջազգային փառատոների, որոնց մասնակիցների թվում են լինում նաեւ թուրքական խմբերը. «Դրանք հայկական մշակույթը որպես իրենցն են ներկայացնում: Օրինակ, փառատոներից մեկի ժամանակ Վասպուրականի տարազով մեր մասնակցին տեսնելով` հարցրին` դուք թո՞ւրք եք…»:

«Տոնացույցի» գեղարվեստական ղեկավարը կարծում է, որ կառավարությունը ազգային մշակույթը պետք է հռչակի որպես մշակույթի հիմնական ուղղություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031