Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկազուն Ալվրցյան. Վրաստանը ստանձնել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու պարտականությունը (Տեսանյութ)

Հունվար 15,2013 14:31

Այսօր «Ելակետ» ակումբում «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը հայտարարեց, որ Վրաստանը Հայաստանի նկատմամբ վարում է ագրեսիվ ու մեծապետական քաղաքականություն:

Վրացագետը փաստեց, որ հայ-վրացական հարաբերությունները որեւէ տեղաշարժ չեն արձանագրել եւ ընդամենը հարեւան պետությունների կարգավիճակում են գտնվում. Հայաստանը Վրաստանի հետ ոչ ռազմավարական համագործակցություն ունի, ոչ էլ խորացված տնտեսական, մշակութային : «Պետք է արձանագրել, որ հայ-վրացական հարաբերություններում ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս հակադրություններ եւ հակասություններ՝ մշակութային, տնտեսական եւ այլ ոլորտներում, որոնք ցույց են տալիս, թե ինչքան չհղկված, չհստակեցված հարցեր կան: Այսօր հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի որակել չի կարելի, եթե նկատի ունենանք, որ նա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների մակարդակում է, իսկ Հայաստանի հետ ընդամենը՝ հարեւան»,-նշում է Հայկազուն Ալվրցյանը:

Նրա ձեւակերպմամբ, Վրաստանն անցած տարիներին, անկախության շրջանում որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որը լավատեսության հիմքեր չի տալիս . «Վրաստանը բավականին խորացրել է իր հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որոնց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ պատերազմական եւ թշնամական է: Հայաստանի հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը միանշանակ թշնամական է, եւ սա մեկնաբանության կարիք չունի, իսկ Թուրքիայի կողմից պատերազմական է՝ ըստ միջազգային մի շարք չափանիշների. սահմանների փակ պահելը եւ Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Ադրբեջանին ամեն տեսակ աջակցություն ցույց տալը… Վրաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ այսպիսի հարաբերությունների դեպքում որդեգրել է մի շարք պարտավորություններ, որոնք տարածաշրջանում ուղղակիորեն ուղղված են Հայաստանի շահերի դեմ: Դա առաջին հերթին Հայաստանի մեկուսացումն է կոմունիկացիոն բոլոր բնագավառներում, բացառությամբ ավտոճանապարհի…Ստեղծվեց նավթամուղը, որը շրջանցեց Հայաստանը, հիմա նախատեսվում է ստեղծել Կարս- Թբիլիսի-Ախալքալաք երկաթգիծը, որը դարձյալ շրջանցում է մեր երկիրը՝ հակասելով թե եղած իրավիճակի, թե ապագայի զարգացումների բոլոր տրամաբանական ըմբռնումներին…Այսինքն՝ Վրաստանը սիրով ստանձնել է Հայաստանի վրա տնտեսական եւ քաղաքական ճնշում գործադրելու պարտականությունը: Ի դեպ, ծրագրվում է նաեւ «Նաբուկոն», որը դարձյալ Հայաստանը շրջանցող գազամուղ է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031