Այսօր «Զարկերակ» ակումբում Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը խոսելով առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների մասին՝ ասաց. «Երեկ եզդիների ազգային միությունը խորհրդակցություն է հրավիրել եւ քննարկել նախագահական ընտրությունների հետ կապված խնդիրը ու որոշում կայացրել, որ 2013 թթ նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին»: Թամոյանի խոսքով՝ իրենք եզդի ժողովրդին չեն ստիպում, այլ կոչ են անում ձայն տալ Սերժ Սարգսյանին, քանի որ, ըստ նրա՝ «Մենք գտնում ենք, որ նա այն նախագահն է, որը ուշադիր եւ հոգատար է եղել հանրապետության ազգային փոքրամասնությունների՝ հատկապես եզդի համայնքի նկատմամբ: Այդ իսկ պատճառով՝ մենք պետք է մեկ թեկնածուի ձայն տանք, իսկ ազգային փոքրամասնությունները սովորաբար լինում են իշխանավորների կողքին: Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նրան ենք ձայն տվել, Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ իրեն, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ՝ հենց նրան»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ