Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը չի հերքում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետը հրավիրվելու է դրսից

Հունվար 15,2013 14:11

«Այս պայքարը լինելու է Սերժի եւ Րաֆֆիի Հայաստանների պայքարը»,- այսպիսի հայտարարություն էր արել «Ժառագության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այսօր «Արցախ» ակումբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, հարցին՝ Դուք ո՞ր Հայաստանում եք լինելու, Սերժի՞, թե՞ Րաֆֆիի՝ նա պատասխանեց, որ ինքը կատարել է իր ընտրությունը՝ «Ես ընտրելու եմ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես կմնամ Րաֆֆիի Հայաստանում»: Թեւան Պողոսյանը նաեւ ասաց, որ «Ժառանգության» ամբողջ թիմը եւ ակտիվիստները ներգրավվելու է Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավում. «Չէի ցանկանա չակերտները բացել: Ամսի 21-ին կլինի ամեն ինչ»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումներին Նոյեմբերյանում՝ Թեւան Պողոսյանն ասաց, որ հանդիպումները բոլոր մարզերում են տեղի ունենում, քննարկվում են քարոզարշավի խնդիրները, ստրատեգիայի ծրագրերը. «Ես Արարատում եւ Վայոց ձորում մասնակցել եմ: Ասեմ, որ շատ մեծ ոգեւորություն կա մեր թիմակիցների մոտ՝ վճռական ներգրավվելու նախընտրական աշխատանքներին»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ Գյումրիում հանդիպումը ակտիվի հետ տապալվել է, այդպիսի լուրեր կային մամուլում՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Գյումրիում չեմ եղել, չեմ լսել, ոչ էլ ներքին ինֆորմացիա ունեմ»:

Իսկ լուրերը, որ նախընտրական շտաբի պետը հրավիրվելու է Միացյալ Նահանգներից՝ Թեւան Պողոսյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց: Հարցին՝ չկա՞ վստահություն տեղի ուժերի կարողությունների նկատմամբ՝ նա պատասխանեց. «Ամբողջ թիմը տեղի ուժերից է լինելու: Սպասենք ամսի 21-ին, ամեն ինչ պարզ կլինի: Եթե նույնիսկ լինեն մասնակիցներ, որոնք եկել են  այլ տեղերից, դա խոսելու է միայն նրա մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լայն հայկական օժանդակություն էլ ունի: Երեւի գիտեք, այսօրվա դրությամբ եւ Սերժ Թանկյանն է ասել, եւ այլ կուսակցություններից: Տարբեր տեղերից օժանդակում են մեր թեկնածուին:

Դրսից կարող են մարդիկ գան, մասնակցեն: Բայց ես էլ ձեր պես առաջին անգամ կարդացել եմ այդ մասին ինտերնետում»: Իսկ դա չի՞ խոսում նրա մասին, որ դրսից ծառայություններ են մատուցվում՝ ակնկալիքով՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Հիմա ասենք որ ես արմատներով Ղարաբաղից եմ, ուրեմն ղարաբաղյան ուժերն էլ են պարոն Հովհաննիսյանին կողմնակից: Րաֆֆի Հովհաննիսյանը նորություն չի: Անցել է իր ուղին: Իր ուղին եղել է բաց: Դրանով պետք է առաջնորդվել եւ գնահատել՝ ով է Րաֆֆի Հովհաննիսյանը»:

Ըստ նրա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզչությունը սկսի, ամեն օր ունենալու ենք վարկանիշի բարձրացում:

Ինչ վերաբերում է բոյկոտի կոչին ու հորդորներին՝ Թեւան Պողոսյանի համոզմամբ՝ «Եթե չմասնակցենք, ոչ մի բան չի փոխվելու: Տանը մնալով՝ ոչ մի բան չի լինելու: Եթե մնանք տունը, ի՞նչ ենք իրականացնելու: Ամենաճիշտն այն է, որ մասնակցենք: Ընտրություններն են մեր իշխանության ձեւավորման մեխանիզմը:

Եթե մարդիկ հասկանան, որ պետք է ոչ թե 5000 դրամով մտածել, ապա կունենանք նորմալ ընտրություններ: Մենք ամեն ինչ անելու ենք՝ նոր Հայաստանի եւ լավ պայքարի համար: Եթե չկարողանանք այնպես անենք, որ մարդկանց տներից հանենք, ո՞ւմ պետք է մեղադրենք: Մենք պետք է պայքարենք կաշառքների դեմ»:

«Ժառանգության» պատգամավորի դիտարկմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն կտան այն մարդիկ, ովքեր հավատում են այն գործին, որ մինչ օրս կատարել է «Ժառանգությունը» եւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սոցիալ-աշխատանքային կուսակցությունը արդեն հայտարարել է նրան սատարելու մասին, այլ կուսակցությունների լիդերների հետ բանակցություններ են տարվում:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են բանակցություն վարում, ինչպես են համոզում այլ կուսակցությունների լիդերներին, ասենք, ասում են՝ սատարիր մեզ, կունենաս այսինչ պաշտոնը, այսինչ տեղը դաշտո՞ւմ՝  նա պատասխանեց. «Չեմ մասնակցել բանակցություններին: Ինձ չի թվում, որ բազարային տարբերակով է լինում: Կարող է արժեքային համակարգի մասին են խոսում: Կարող է մի կուսակցություն կա, որ շեշտը դնելու է Ղարաբաղյան խնդրի վրա»:

Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերի մասին խոսելով՝ պարոն Պողոսյանն ասաց.. «Այսօրվա դրությամբ հնարավորություն կա երկրորդ փուլ ունենալ, եթե ամբողջ բնակչությունը մասնակցի ընտրություններին:  Եթե լավ աշխատենք, մեծ տոկոս կհավաքենք: Մեր նպատակը հաղթելն է: Կհավաքենք 50 + մնացածը դուք գումարեք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031