Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ում գնացած հետ եկածներին չեն ընդունում»

Հունվար 15,2013 13:45

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ նախկին ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանի մասին

– Ժամանակին Կոտայքի մարզից պատգամավոր ընտրված, այժմ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն այսօր էլ որոշակի ազդեցություն ունի այդ տարածաշրջանում: Որքանո՞վ է սա Ձեզ մտահոգում՝ նախագահական ընտրությունների տրամաբանության մեջ: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Սասուն Միքայելյանի հետ այժմ:

– Այդ ազդեցությունը դրսեւորվեց ե՛ւ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ե՛ւ Ազգային ժողովի ընտրություններում, որտեղ Ձեր կողմից նշված անձնավորությունը, երկու թեկնածուի պարագայում, հայտնվեց պատվավոր երկրորդ տեղում: Իսկ ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ապա ասեմ, որ մենք միմյանցից տրամագծորեն տարբերվող մտածելակերպ եւ դաստիարակություն ունեցող մարդիկ ենք:

– Սասուն Միքայելյանը տարեվերջին լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկայում պատրաստվում է քաղաքական հայտարարությամբ հանդես գալ. նկատի առնելով այն հանգամանքը, որ նա ներկա չէր ՀՀՇ համագումարին, եւ պտտվող խոսակցությունները, որ Սասուն Միքայելյանի հարաբերություններն առաջին նախագահի եւ ՀԱԿ-ի հետ առաջվանը չեն, ըստ Ձեզ՝ ի՞նչ հայտարարություն է անելու Սասուն Միքայելյանը, ի՞նչ խոսակցություններ են Ձեզ հասել այդ առթիվ:

ՀՀԿ-ն պատրա՞ստ է նրան ետ ընդունել:

– Ձեզ չի՞ թվում, որ այդ անձի մասին երկու հարցերում էլ անդրադառնալը փոքր-ինչ շատ է, բայց հարգելով լրագրողական Ձեր աշխատանքը՝ պետք է պատասխանեմ: Կարծում եմ, որ Ձեզ հուզող հարցը պետք է ուղղեիք այդ անձնավորությանը: Բայց, այնուամենայնիվ, հիշենք հայտնի ասացվածքը. «Չկան հավերժական թշնամիներ եւ հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր»: Նայած թե այդ անձնավորության շահն այս պահին ինչի հետ կզուգորդվի: Չեմ կարող ասել: Միայն մի բան կարող եմ ասել՝ ՀՀԿ-ում մեկ անգամ գնացած հետ եկածներին երկրորդ հետ գալուց արդեն չեն ընդունում:

– 2012-ի մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրութուններում Ձեր մարզում ՀՀԿ-ն երկրորդն էր, առաջին տեղում ԲՀԿ-ն էր, այն դեպքում, երբ 2008-ի նախագահի ընտրությունում ՀՀԿ թեկնածուն առաջինն էր: Փաստորեն հինգ տարում ՀՀԿ-ի հանդեպ վստահությունը նվազել է: Ի՞նչ հետեւություններ եք արել, մանավանդ, որ մոտ մեկ ամսից նորից նախագահ ենք ընտրելու:

– Ձեր վերլուծության մեջ ներառված վիճակագրությունը քաղաքական առումով անհամատեղելի է: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները դիտարկելիս բոլոր դեպքերում պետք է Կոտայքի մարզի պարագայում հաշվի առնել որոշակի առանձնահատկություններ: Այդ առանձնահատկություններով էլ հանդերձ՝ պետք է փաստենք, որ 2007-ի համեմատությամբ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ստացած քվեները մարզում ունեցել են դրական աճ՝ շուրջ 10 հազարով ավելի: Վստահ եմ, որ այս տարվա նախագահական ընտրություններում եւս մենք մարզում արձանագրելու ենք մեր թեկնածուի անվիճելի հաղթանակը:

– Չարենցավանի քաղաքապետը Ձեր որդին է եւ ՀՀԿ-ական: ՀՀԿ-ական եք նաեւ Դուք, Ձեր տեղակալը, Հրազդանի քաղաքապետը եւ այլն: Մարզպետներին, առավելապես Սյունիքի մարզպետին եւ Ձեզ մշտապես մեղադրում են վարչական լծակներն օգտագործելու մեջ: Առաջիկա ընտրություններում ինչպե՞ս եք դիմադրելու վերը նշված վարչական ռեսուրսը չօգտագործելու գայթակղությանը:

– Այդ բոլոր մեղադրանքները մտացածին են, եւ որեւէ անգամ կոնկրետ որեւէ դեպք չի նշվել: Իրականում վարչական ռեսուրսներ օգտագործելու փոխարեն մենք ձեւավորել ենք լավ քաղաքական թիմ, ունենք բազմաթիվ կուսակիցներ ու համախոհներ եւ նրանց միջոցով կարողանում ենք պատշաճ կերպով կազմակերպել ընտրական գործընթացներն ու հասնել հաջողությունների: Ես, իհարկե, չեմ ընդունում «վարչական ռեսուրս օգտագործել» ասվածը, քանի որ ընտրողն իր վերջնական որոշումը կայացնում է քվեարկության խցում, եւ չկա մի ուժ, որը կարողանա տվյալ պահին տվյալ ընտրողին ստիպել, որ քվեարկի իր չուզած թեկնածուի օգտին: Մենք անցյալ տարվա ընթացքում երկու բարդ ընտրություն ենք կազմակերպել՝ Հրազդանի քաղաքապետի եւ Ազգային ժողովի ընտրությունները, եւ անհիմն շահարկումներից բացի՝ որեւէ բացասական փաստ չի արձանագրվել:

– Այս ընտրությունում ԲՀԿ-ն ՀՀԿ-ին չի սատարում: ԲՀԿ մոտ 69 հազարանոց ընտրազանգվածին ինչպե՞ս եք ձեզանով անելու:

– Ընտրությունների արդյունքները մեծ մասամբ կախված են իրականացվող քարոզարշավից: Մենք այս անգամ եւս կազմակերպելու ենք գրագետ, քաղաքակիրթ, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող քարոզարշավ, որը մեզ հնարավորություն կտա ապահովել ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ քաղաքական այլ ուժերի ընտրազանգվածի ներգրավումը: Եվ այդ ամենի արդյունքում ապահովելու ենք մեր թեկնածուի՝ ՀՀ նախագահ պարոն Սարգսյանի համոզիչ հաղթանակը:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031