Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ծառայում քրեաօլիգարխիկ համակարգին

Հունվար 15,2013 13:35

ՀՀ նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը ընտրակաշառք բաժանող թեկնածուի հետ ընտրապայքարի մեջ մտնող բոլոր թեկնածուներին զգուշացնում է, որ պարտության դեպքում նրանք պատասխանատվություն են կրելու քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրության համար: Իսկ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը Ա. Ղուկասյանի՝ միասնական ինքնաբացարկի առաջարկը համարում է ոչ կոռեկտ, դրա իրագործումն էլ՝ իշխանության համար նվեր: Ստորեւ ներկայացնում ենք հատվածնե Երկու քաղաքական գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճից:

«Առավոտ»- Պարոն Ղուկասյան, Դուք «Առավոտ»-ին ասել էիք, որ միասնական ինքնաբացարկի Ձեր առաջարկը չընդունած թեկնածուներին կհամարեք քրեաօլիգարխիկ համակարգին ծառայող: Օրինակ՝ Պարույր Հայրիկյանը ոչ միայն չի ընդունել այդ առաջարկը, այլեւ բավականին կոշտ հակադարձել է Ձեզ: Հիմա Դուք համարում եք, որ Պարույր Հայրիկյանը ծառայում է քրեաօլիգարխիկ համակարգի՞ն:

Անդրեաս Ղուկասյան- Եթե Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն իրենց պատասխանատվությունը հանրության առջեւ չեն զգում, իսկ հանրությունն այսօր կարիք ունի արմատական փոփոխությունների եւ միավորման, պետականության այս ճգնաժամից դուրս գալու լուծում է փնտրում, եւ եթե այդ քաղաքական գործիչներն այդ պատասխանատվությունն իրենց վրա չեն վերցնում, ըստ էության, իրենք սատարում են քրեաօլիգարխիկ համակարգին: Որովհետեւ հարց է առաջանում՝ ապա ինչո՞ւ են մասնակցում ընտրապայքարին: Եթե մասնակցում են, ուրեմն հայտ են ներկայացրել փոխելու այն քաղաքական իրականությունը, որն առկա է մեր երկրում: Այսօր մեզ համար, շատերի համար հասկանալի է, որ ընտրությունները, որոնց մասնակցում է ընտրակաշառք բաժանող կուսակցության ներկայացուցիչ, անհավանական է, որ լինեն ազատ եւ արդար:

Հովսեփ Խուրշուդյան- Բավականին հետաքրքիր է. պարոն Ղուկասյանն ասում է, որ քաղաքական գործիչները պետք է հանրությանն առաջադրեն սեփական քաղաքական օրակարգ, եւ հենց հաջորդ քայլով ուզում է այդ քաղաքական գործիչներին պարտադրել իր քաղաքական օրակարգը: Ընդ որում, դա անում է բավականին ոչ կոռեկտ մեթոդաբանությամբ, որովհետեւ անընդունելի է բավականին մեծալուրջ եւ հեղինակավոր գործիչներին, ովքեր կանգնած են ՀՀ պետականության ակունքներում, հայտարարել, որ եթե նրանք չհետեւեն իր սեփական քաղաքական օրակարգին, ուրեմն նրանք իշխանության դրածոներ են: Եթե այստեղ իրոք ոչ թե անձնական PR-ի խնդիր է, այլ ինչ-որ լուրջ գաղափար, ապա դրա համար կա մեթոդաբանություն՝ պարկեշտության շրջանակներում. նախ հանդիպել այդ մարդկանց հետ, հարցը մանրամասն քննարկել, եւ ոչ թե մամուլի միջոցով մի անգամ հայտարարել, որ այդպիսի գաղափար ունեմ, հաջորդ անգամ էլ հայտարարել, որ ով չմիանա այդ գաղափարին, նա Սերժ Սարգսյանի դրածոն է: Պարոն Ղուկասյանի այս մեթոդաբանությունն, ինձ թվում է, ավելի շատ անձնական PR-ի ոլորտում է:

«Առավոտ»- Իսկապես, պարոն Ղուկասյան, ինչո՞ւ նախապես չեք հանդիպել եւ քննարկել Ձեր առաջարկությունը մյուս թեկնածուների հետ:

Ա. Ղ.- Հանրությունը հոգնել է իր մեջքում քաղաքական գործիչների բանակցություններից, եւ այսօր հանրությունը հենց այս հարցադրումն է դնում բոլոր թեկնածուների առջեւ. ապացուցեք, որ դուք չունեք հանրության մեջքի հետեւում իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածություններ, իշխանության կողմից ստացված երաշխիքներ, որ ձեր մասնակցության դեպքում ընտրություններից հետո իշխանությունից այս կամ այն բանը կստանաք: Հանրությունն իրավունք ունի նման հարցադրման, որովհետեւ մեր քաղաքական փորձը ցույց է տվել, որ ընդդիմադիր դիրքերից քաղաքական դաշտ մտնող գործիչները հետագայում հայտնվում են իշխանության համակարգում: Ես չեմ հանդիպել հենց այն պատճառով, որ գտնում եմ՝ այսօր մենք իրոք խնդիր ունենք երկրում ձեւավորել նոր տեսակի քաղաքական պրոցես՝ բաց հանրության առջեւ: Եվ այսօր հնարավոր չէ վերականգնել հանրության վստահությունը քաղաքական համակարգի նկատմամբ, եթե չհետեւենք այդ սկզբունքին, դա է պատճառը, որ այսօր հանրությունը չի վստահում կուսակցություններին:

Հ. Խ.- Բայց ես չեմ ասել, որ այդ հանդիպումները պետք է լինեին ստվերային: Դա կարող էր լինել շատ բաց՝ տեսախցիկների առջեւ:

Ա. Ղ.- Ինչ վերաբերում է իմ առաջարկի ոչ կոռեկտ լինելուն՝ ես առաջարկել եմ, որ այն քաղաքական գործիչները, ովքեր այս վերջին երկու շաբաթվա ընթացքում հանրության առջեւ հանդես եկան երկրում էական փոփոխություններ իրականացնելու առաքելությամբ, միավորվեն եւ գլխավորեն քաղաքացիական շարժումը: Եթե այդ առաջարկը կոռեկտ չէ, եւ եթե դրա մեջ ես որեւէ անձնական PR-ի նպատակ եմ հետապնդում, դա իհարկե՝ մոտեցման հարց է:

Հ. Խ.- Երբ որ ես ասում եմ ոչ կոռեկտ՝ ես նկատի չունեմ Ձեր այն կոչը, որը վերաբերում է շարժմանը, ինչին ես շատ կողմնակից եմ, եւ որը լինելու է, ես նկատի ունեմ որակումներն ու շանտաժի մեթոդաբանությունը:

Ա. Ղ.- Չկա իրավունք՝ առանց պատասխանատվության: Իմ կարծիքն այն է, որ այս ընտրությունները չպետք է ծառայեն Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրությանը: Կապ չունի, թե ինչ պատճառաբանությամբ է որեւէ քաղաքական գործիչ համարում, որ կանխորոշված արդյունքներով ընտրություններին մասնակցելն իր համար միակ ճանապարհն է: Այդ գործիչները հանրության առաջ իրենց ուսերին են վերցնում պատասխանատվություն, որ եթե իրենք պարտվեն, ուրեմն կդառնան քրեաօլիգարխիկ համակարգի սատարողը:

Հ. Խ.- Դա Ձեր մեկնաբանությունն է, եւ խնդրում եմ չփաթաթել ձեր մեկնաբանությունները… դա որակումներ է պարունակում…

Ա. Ղ.- Ես ասում եմ իմ կարծիքը:

Հ. Խ.- Ի՞նչ է նշանակում կարծիքը, հիմա ես էլ նույն հաջողությամբ կարծիք հայտնեմ, որ Դուք ուղղակի սպասարկո՞ւմ եք Սերժ Սարգսյանի PR-ը: Հիմա իշխանությունների համար լավագույն նվերը կլինի, որ ընդդիմադիր որեւէ մրցակից չլինի: Որովհետեւ մի քանի դրածոներ իրենք ամեն դեպքում կապահովեն, որպեսզի մրցակցայնության շղարշը լինի: Նույնիսկ իշխանական սոցիոլոգներից Ահարոն Ադիբեկյանը վերջերս լեզվի սայթաքում ունեցավ եւ ասաց, որ ընդամենը 52 տոկոսն է գնալու ընտրություններին, որից 28 տոկոսն է կողմնորոշված, թե ում պետք է ընտրի: Եվ այդ 28 տոկոսի մեջ ընդամենը 72 տոկոսն է ասում, որ Սերժ Սարգսյանին է ընտրելու: Երբ ընտրողների ընդհանուր թվից վերցնում ենք, դա դառնում է 10 տոկոս: Այսինքն՝ այսօր ընտրողների ընդամենը 10 տոկոսն է պատրաստ ընտրել Սերժ Սարգսյանին: Եվ այս պայմաններում, երբ ռեալ դաշտ կա ընդդիմության համար պայքարելու եւ փորձելու փոխել ոչ թե իշխանությունների ծրագրի շրջանակում, ինչպես պարոն Ղուկասյանն է առաջարկում, այլ Սահմանադրությամբ ամրագրված կարգով՝ ընտրություններով, այս պայմաններում պայքարից հրաժարվել եւ ասել՝ եկեք դուրս գանք, շարժում ստեղծենք եւ թողնենք, որ Սերժ Սարգսյանը հանգիստ ընտրվի… Ես չեմ ուզում որակումներ տալ, բայց ինձ համար պարզ է, որ ցանկացած բանական մարդ հասկանում է, թե դա ինչի կբերի: Եվ հետո՝ այդ շարժումն ամեն դեպքում լինելու է, եւ ինձ համար պարզ չէ, թե ինչու այն չի կարող լինել առանց թեկնածությունները հանելու:

«Առավոտ»- Արդեն իսկ պարզ է, որ միասնական ինքնաբացարկի Ձեր առաջարկությունը չի ընդունվի նախագահի թեկնածուների մեծամասնության կողմից: Այս պարագայում Դուք ինքներդ ինքնաբացարկ կհայտնե՞ք:

Ա. Ղ.- Երբ եմ ես որեւէ բան ասել ինքնաբացարկի մասին: Խոսքը գնացել է միասնական ինքնաբացարկի մասին՝ որպես հետեւանք այն քայլի, որ միավորվեր քաղաքացիական շարժում: Եթե չկա այդ շարժումը ստեղծելու պատրաստակամություն, եւ մարդիկ շարունակում են գնալ ընտրական պրոցեսի, իմ հաջորդ քայլը լինելու է ՀՀԿ-ի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

 

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Երկու քաղաքական գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031