«Ազգային անվտանգություն» անունը կրող կուսակցությունը (իրականում, իհարկե, Գառնիկ Իսագուլյանը, քանի որ դա, անշուշտ, «մարդ-կուսակցությունների» շարքից է) հանդես է եկել հայտարարությամբ, որում տրվում է ներկայիս քաղաքական իրավիճակի հակիրճ բնութագիրը: Հիմնական թեզերից մեկն այն է, որ ներկայիս ՀՀԿ-ին կարող էր մրցակից լինել ՀԱԿ-ի միտինգային, ԲՀԿ-ի նյութական եւ Դաշնակցության գաղափարական եռամիասնությունը: Ձեւակերպումը գեղեցիկ է՝ իրոք, եթե նման միասնություն լիներ, առաջիկա ընտրությունները կանցնեին սուր մրցակցության պայմաններում: Միայն թե այդ միասնության խոչընդոտները ոչ միայն սուբյեկտիվ են՝ այդ կուսակցությունների վերնախավերի անձնական ամբիցիաները, ինչպես նշում է պարոն Իսագուլյանը, այլեւ՝ օբյեկտիվ: Մասնավորապես, ԲՀԿ-ի «նյութականը» նույն աղբյուրն ունի, ինչ որ ՀՀԿ-ինը, հետեւաբար երկարաժամկետ կտրվածքով դրանք չեն կարող իրար հակադրվել: ՀՅԴ-ի «գաղափարականը» չափից դուրս արխայիկ բնույթ է կրում եւ սերում է 19-րդ դարի ազգային-ազատագրական պայքարից՝ «սարերից իջած մի խումբ ձիավորով» դժվար է ինտեգրվել ժամանակակից քաղաքական կյանքին, իսկ նրանք, ովքեր «սարերից չեն իջել», նույնքան ցինիկ են, որքան մնացածները: Ինչ մնում է ՀԱԿ-ին, ապա միտինգային ռեսուրսն էլ մաշվելու հատկություն ունի: Կոնգրեսի դեպքում այն երկար է պահպանվել. ոչ մի ԱԺՄ կամ Մանուչարյան նույն բովանդակությամբ, հիմնականում՝ ճիշտ ճառերով (գողեր, ավազակներ, օր առաջ պետք է ազատվել, թե չէ…) չեն կարողացել այդքան երկար պահել «հանդիսատեսին», որքան դա արել է ՀԱԿ-ը:
Բայց կրկնեմ՝ սխեման, որն առաջարկվում է վերոհիշյալ հայտարարության մեջ՝ «փող+գաղափար+զանգված» միանգամայն ճիշտ է, միայն այդպես է հնարավոր հանդես գալ արդյունավետ ընդդիմության դերում: Ամբողջ խնդիրը այս երեքի միատեղման մեջ է՝ զանգվածն անտարբեր է գաղափարների նկատմամբ, փողատերերն էլ դրանք լավագույն դեպքում «ավելորդ շքեղություն» են համարում: Գաղափարներ կրողները, որպես կանոն, ատելությամբ են լցված փողատերերի նկատմամբ եւ փոքր-ինչ վերեւից են նայում զանգվածին: Գրագետ մարդիկ սովորաբար նյութական միջոցներ չունեն, իսկ հարուստներին հաճախ ավելի հեշտ է լինում հարմարվել գոյություն ունեցող հոռի բարքերին, քան հարվածի տակ դնել իրենց բիզնեսը: Մի խոսքով՝ այդ երեք գործոնների մեկտեղումը նման է «մոլորակների շքերթի», որը շատ հազվադեպ է պատահում:
Սակայն նման «շքերթի» հասնելը չպիտի լինի միայն ընդդիմության, այսինքն՝ իշխանության համար պայքարողների խնդիրը: Դրանով պետք է մտահոգվեն բոլոր նորմալ քաղաքացիները, բոլոր մտածող մարդիկ: Հենց որ նրանք են սկսում օրակարգ թելադրել քաղաքական վերնախավին, ամեն ինչ տեղն է ընկնում: Ընդ որում՝ առանց տեսանելի ցնցումների:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ