Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյանի վստահված անձինք նաեւ ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից են

Հունվար 15,2013 13:01

«Մենք համարում ենք, որ ընտրողների 35-40 տոկոսը Հայաստանում չեն եւ եթե իշխանությունը հրաժարվի հրապարակել այդ տվյալները, մենք պարզապես կիջեցնենք նրանց ռեյտինգը՝ իրենց գրանցած տվյալներից»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Եթե Մելիքյանի շտաբը հավաստի տեղեկություններ ստանա, որ զինվորներին հրահանգում են քվեարկել հօգուտ գլխավոր հրամանատարի, ուրեմն 100 հազար մարդու քվե կհանեն հօգուտ Սերժ Սարգսյանի քվեարկողներից: Թեկնածուն, այս անգամ, ի տարբերություն նախորդի, ունենալու է վստահված անձինք, որոնք չեն լինելու իր քաղաքական դաշնակիցները եւ իրեն չեն ներկայացնելու: «Դրանց մեջ կլինեն եւ ՕԵԿ-ի, եւ ՀՀԿ-ի շարքային անդամներ, եւ որեւէ մեկը չի կարողանա մեզ մեղադրել, որ այդ մարդիկ փորձում են իրենց կուսակցի գործն առաջ տանել: Նրանց միակ պարտավորությունն այն կլինի, որպեսզի Հայաստանում վերականգնվեն արդարության մասին տարրական պատկերացումները եւ այդ արդարությունն իրագործելի լինի»,- ասաց թեկնածուն՝ համագործակցության հրավիրելով արտախորհրդարանական բոլոր ուժերին, որոնց ներկայացուցիչները հնարավորություն կունենան ընտրատեղամասերոմ գտնվելու եւ հսկելու ընտրությունների ընթացքը: Թեկնածուի շտաբը կհամակարգի բոլոր այդ խախտումները:

Aravot.am-ի հարցին՝ որտեղի՞ց վստահություն, որ իշխանական կուսակցությունների շարքային անդամները կլինեն արդարության պայքարի առաջամարտիկներ, Մելիքյանը պատասխանեց. «Մենք գիտենք տրամադրությունները, նաեւ այդ կուսակցությունների շարքային անդամների շրջանում եւ ես գիտեմ, որ կան կոնկրետ մարդիկ, որոնք մեզ կսատարեն եւ այդ մարդիկ անբասիր անցյալ ունեն: Նրանք չեն զբաղեցրել ղեկավար պաշտոններ: Թերեւս, ղեկավար պաշտոններ զբաղեցրած միայն մի ՀՀԿ-ականի կարող եմ հրավիրել այս ամենին մասնակցելու՝ Տիգրան Թորոսյանին, որը լավ գիտի նաեւ նախորդ ընտրություններում տեղի ունեցած բոլոր զարգացումները»:

Ի դեպ, Մելիքյանը միակ թեկնածուն է, որի ձայների քանակը վերահաշվարկի արդյունքում ավելացել է: Հիշեցնենք, որ միայն մեկ տեղամասում նրա ձայների քանակն ավելացել էր 200-ով, հետեւաբար, նախորդ ընտրությունները թեկնածուն համարում է կեղծված եւ իր ձայների քանակը՝ մոտ 5000՝ նկարված:

Պատասխանելով մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ վստահություն, որ հասարակությունը կկանգնի հանուն արդարության պայքարի, եթե նկատի առնենք 2008-ին մեկնարկած եւ հիասթափությամբ մահկանացուն կնքած համաժողովրդական շարժումը, Մելիքյանը պատասխանեց, որ չի կարող վստահ ասել, թե հասարակությունը դուրս կգա այս անհուսության թմբիրից, բայց «սա արդեն հասարակության որոշելիքն է»:

Նա չի կիսում նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի՝ ընտրությունները բոյկոտելու առաջարկը: Դա համարում է «անօգնականության դրսեւորում», ինչըխոչընդոտում է հանրությանն իր խոսքն ասել ու ի տարբերություն նրա, համարում է, որ քաղաքական գործիչն այն մարդն է, ով ոչ թե իր վրա է վերցնում հասարակության շահերը պաշտպանելու առաքելությունը, այլ դաշտ է բացում եւ հնարավորություն է տալիս հանրությանը՝ սեփական շահերը պաշտպանելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031