Այսօր «Ազդակ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը, խոսելով նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուների մասին, ասաց, որ նրանք են ՀՀ նախագահը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Համլետ Հարությունյանի խոսքերով՝ «Ես նրանց եմ ճանաչում: Իմանալն ուրիշ է, ճանաչելն՝ ուրիշ»: Երբ լրագրողները հուշեցին՝ բա Հայրիկյա՞նը՝ ՀՀԿ պատգամավորն իրեն ուղղեց. «Հաաա, վա՛յ, Հայրիկյանին մոռացա: Նա ինձ դա չի ների»:
ՀՀ նախագահի նախընտրական քարոզչությունը տանելով՝ Համլետ Հարությունյանն ասաց. «Գործող նախագահը պատերազմի ընթացքում ապացուցել է, որ ոչ միայն աննկուն մարտիկ է, այլ նաեւ խելացի քաղաքական գործիչ»:
Ըստ ՀՀԿ պատգամավորի, մի շարք կետեր կան, որոնց պետք է համապատասխանեն քաղաքական գործիչները՝ կյանքը պատրաստ լինեն տալ հայրենիքին, ունենան լավ ընտանիք, լինեն ընկերասեր եւ այլ եւ այլն: Մեր հարցին՝ այդ կետերից որի՞ն չէին համապատասխանում Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նա պատասխանեց, որ չի տեսել նրանց պատերազմի ժամանակ:
Լրագրողները պարոն Հարությունյանին փոխանցեցին էպոսագետ Վարդան Սեդրակյանի հայտարարությունները, որ Աստծուց պատգամ է ստացել, որ ինքն է լինելու 4-րդ նախագահը: Ուստի հարցին, թե ինչպե՞ս եք պայքարելու նրա դեմ՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Մենք Աստծո դեմ պայքարելու ոչ մի զենք չունենք: Մենք անզոր ենք նրա դեմ պայքարելու: Ես դա ընդամենը զառանցանք եմ համարում:
Կարդացեք նաև
Էպոսագետ ասելով՝ հասկանում եմ, որ պետք է հաստափոր ուսումնասիրություն աներ: Էպոսագետ, քաղաքագետ, առաջնորդ…դրանք կարծեմ ածականներ են: Ես այդ մարդու գրվածքները չեմ կարդացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ