Հայաստանում ստեղծված իրավճակը ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի համար կանխատեսելի է եղել, թեեւ մինչեւ վերջ հույս է տածել, որ գործը չի հասնի նրան, որ քաղաքական ուժերը, ըստ էության, բոյկոտեն նախագահական ընտրությունները: Այսօր այդ մասին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի թեկնածուն:
Սակայն ունենք այն, ինչ ունենք՝գործող իշխանության հիմնական մրցակից համարվող քաղաքական ուժերը հրաժարվեցին ընտրապայքարից եւ, ըստ բանախոսի, ասպարեզում հայտնվեցին այն մարդիկ, որոնց «կարող ենք գնահատել որպես Հայաստանի քաղաքական դաշտի երկրորդ էշելոնի նեկայացուցիչներ»: Մելիքյանը նկատի ունի կուսակցապետերին՝ ԱԻՄ, «Ժառանգություն», «Ազատություն» կուսակցությունների ղեկավարներ Պարույր Հայրիկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին: «Ըստ էության, ստեղծվեց մի իրավիճակ, որ առաջադրվողներից որեւէ մեկը, առայժմ, համենայնդեպս, չի առաջարկել ընտրություններում հաղթելու իրական որեւէ սցենար: Մենք պատրաստել ենք այդ սցենարը»,- ասաց Արման Մելիքյանը:
Անդրադառնալով իր առաջադրումը հիմնավորող Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ փետրվարի 18-ին միմյանց բախվելու են Սերժի Հայաստանը եւ Րաֆֆիի Հայաստանը, Արման Մելիքյանը նկատեց. «Չկա Սերժի Հայաստան, չկա Րաֆֆիի Հայաստան: Կա Հայաստան, որտեղ ընտրությունների միջոցով ժողովուրդն իշխանություն ձեւավորելու հնարավորությունից զրկված է: Եվ այս առումով, թե նախագահն է, ըստ էության, նշանակված, թե խորհրդարանական ուժերն են գործարքով խորհրդարան մտել, որովհետեւ չի եղել ընտրություն, որի արդյունքների հետ համաձայնվենք: Դա տխուր իրողություն է: Այսօր հասել ենք վերջագծին, երբ գործող իշխանությունը պոտենցյալ մրցակից քաղաքական կուսակցություններին, ըստ էության, շանս չթողեց ընտրությունների միջոցով արդյունք գրանցել: Բայց դրա հիմնական տուժողը հասարակությունն է եւ եթե հասարակությունն իրեն պաշտպանող միջոցներ չձեռնարկի, մենք կունենանք քաղաքական մենաշնորհով, շատ մշուշոտ եւ տխուր ապագայով պետություն»: Այս էր պատճառը, որ Արման Մելիքյանը կրկին որոշում է կայացրել առաջադրվելու եւ նոր օրակարգ առաջարկելու՝ հասարակությանը եւ քաղաքական դաշտին:
Ըստ այդմ, Մելիքյանն ասում է, որ իրենք հրաժարվում են այն ավանդույթից, որ որեւէ ընտրության ժամանակ իրենց թեկնածուին սատարող քաղաքական ուժերը փորձում էին ապացուցել, որ հենց իրենց ներկայացուցիչն է հաղթել ընտրություններում. «Մեր խնդիրն է ապահովել, որ ընտրություները լինեն իրավաչափ»:
Կարդացեք նաև
Մելիքյանի շտաբը ընտրությունների իրավաչափությունը որոշելու է մինչեւ ընտրությունները՝ քարոզարշավի առաջին իսկ օրվանից: Իսկ դրա առաջին քայլը եղավ այն, որ թեկնածուն լրագրողների ներկայությամբ ստորագրեց ԿԸՀ նախագահին ուղղված մի նամակ, որով առաջարկվում է Տիգրան Մուկուչյանին, որպես ընտրությունների իրավաչափությունն ապահովող մարմնի ղեկավար, աջակցել, որպեսզի հրապարակվեն Հայաստանից հեռացածների քանակային տվյալները, հրապարակվեն այն տվյալները, որոնք վերաբերվում են Հայաստանի քաղաքացիություն ընդունած, բայց Հայաստանում չբնակվող մարդկանց, թե քանի հոգի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից եւ հրաժարումն իրավաբանորեն ձեւակերպված է: Մելիքյանը չի բացառում, որ Հայաստանից հեռացած քաղաքացիների թիվն այնքան շատ է, որ նախագահական ընտրություններին ընդառաջ այդ տվյալների հրապարակումը կարող է Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգ հանդիսանալ, հետեւաբար, պատրաստ է այս հարցում կոնսենսուսի գնալ: Տվյալը կարող է հրապարակվել միայն նախագահի թեկնածուների համար եւ պայմանավորվածություն ձեռք բերել որեւէ հստակ շեմի մասին:
Արդեն իսկ գործարկված է թեկնածուի ֆեյսբուքյան էջը եւ բլոգը, որտեղ Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցները կարող են գրառումներ թողնել այն մասին, որ իրենք Հայաստանում չեն լինելու, ընտրությունների չեն մասնակցելու: Այս քայլերն արվում են հստակեցնելու համար, թե իրականում Հայաստանում ձայնի իրավունք ունեցող քանի մարդ է մնացել:
Ի պատասխան լրագրողների հարցերի, Մելիքյանն ասաց, որ ընտրագրավը վճարելու հարցում իրեն օգնել են իր համակիրները, որոնց բանակն ավելացել է նախորդ ընտրություններից հետո, իսկ նախընտրական մյուս ծախսերը հոգալու է աջակիցների միջոցով, քանի որ իրենց ռազմավարությունը, մարտավարությունը եւ ծրագիրը առանձնակի մեծ գումարների վատնում չեն պահանջում:
Արման Մելիքյանն իր կարգախոսը կհայտարարի քարոզարշավի մեկնարկի օրը: Իսկ ծրագրի հիմնադրույթները կհրապարակվեն մինչեւ շաբաթվա վերջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի