2011 թվականի հունվարից Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարեւանությամբ, Երեւանյան փողոցի 6-րդ շենքում «Արտամետ» ՍՊԸ-ն սկսեց գործել դրոսելների արտադրություն: Այդ շենքում խորհրդային տարիներին եղել է դրոսելների գործարան: Դրոսելները փոքրիկ ձողիկներ են` պատված ֆերիտով: Դրանք էլեկտրական սարքավորումների մեջ հոսանքի չափանիշների բարելավման գործառույթ են կատարում:
«Արտամետ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Աբովյանը խորհրդային տարիներին Կողբ գյուղում գործող դրոսելների արտադրամասի սեփականատերն էր, նա այժմ նաեւ Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է:
2012թ. նոյեմբերից ձեռնարկության 34 աշխատողները հարկադիր պարապուրդի մեջ են: Ռուսաստան առաքված արտադրանքի դիմաց վճարումներն ուշացել են:
Գ. Աբովյանն ասաց, որ «ՎՏԲ» բանկը պատրաստակամ էր նոր, մեծ արտադրողականությամբ հաստոցներ ձեռք բերելու համար տրամադրել 12 միլիոն դրամ վարկ՝ 10 տարի ժամկետով, տարեկան 10 տոկոսադրույքով: Բանկի Իջեւանի մասնաճյուղից վարկ վերցնելու համար պատրաստվել է փաստաթղթերի ամբողջ փաթեթը: Հետո բանկում պարզել են, որ Գագիկ Աբովյանը բանկերից մեկում 3-4 տարի առաջ 60 հազար դրամի վարկային ժամկետանց պարտավորություն է ունեցել: Գագիկ Աբովյանին խորհուրդ են տվել ընկերության սեփականատերի փոփոխություն կատարել, որպեսզի կարողանա վարկ ձեռք բերել: Գ. Աբովյանը ընկերության հիմնական սեփականատեր եւ տնօրեն է դարձրել իր եղբոր որդուն՝ Գուրգեն Աբովյանին: Սակայն «ՎՏԲ» բանկը դրանից հետո էլ մերժել է վարկ տրամադրել, ասելով, որ տնօրենի բարեկամը (այսինքն՝ Գագիկ Աբովյանը ) վարկային ժամկետանց պարտավորություն ունի:
Կարդացեք նաև
Գ. Աբովյանն ասում է, որ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի միջոցով պատրաստ է վարկ տրամադրել, վարկային երաշխիքների 80 տոկոսն էլ պետությունն է տրամադրում: Սակայն այս դեպքում էլ գործը չի ստացվում, քանզի վարկը պետք է տրվի որեէ բանկի միջոցով:
Գագիկ Աբովյանն ասաց, որ ստացվող վարկը թույլ կտար 1960-ական թվականներին արտադրված հաստոցները փոխարինել ավելի հզոր նորերով, նաեւ՝ Ռուսաստանից մեծ ծավալի պատվերներ ստանալ, վճարել հարկային տեսչությանն առկա ավելի քան 600 հազար դրամի պարտքը: Գ. Աբովյանն ասաց, որ մտադիր են աշխատողների մի մասին ետ են կանչելու հարկադիր արձակուրդից եւ վերսկսել արտադրությունը: Նրա խոսքերով՝ գործարանի 34 աշխատողների աշխատավարձի պարտքերն աստիճանաբար մարվում են:
– Բանկերին չի հետաքրքրքում սահմանագոտում հայրենական արտադրության ճակատագիրը, դրանք միայն գերշահույթ են հետապնդում, -ասաց Գագիկ Աբովյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ