Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ տեխզննության կտրոնները դարձան դեֆիցիտ

Հունվար 15,2013 12:15

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում 2013թ. տեխզննության կտրոնների պակասուրդ ե՛ւ կա, ե՛ւ չկա։ Մի կողմից հայտարարվում է, որ կա անհրաժեշտ քանակություն, մյուս կողմից՝ մարդիկ չեն կարողանում դրանք ձեռք բերել, չնայած պահանջվող բոլոր վճարումները կատարել են։

Այս խնդիրը Հայաստանում առաջացավ տարեվերջին, բայց շարունակվում է պահպանվել մինչեւ այժմ։ Դեռեւս 2011թ. մայիսին կատարված փոփոխություններից հետո, ինչպես հայտնի է, տեխզննման կտրոնները վարորդներին տրամադրում են բանկերը։ Մինչեւ վերջերս այդ առումով խնդիրներ կարծես չկային։ Ամեն ինչ, գոնե արտաքուստ, ընթանում էր հարթ ու հանգիստ։

2013թ. տեխզննության կտրոնների պակասուրդ առաջացավ տարեվերջին։ Չնայած ֆինանսների նախարարությունը հայտարարում էր, որ բանկերում բավարար քանակության կտրոններ կան, այնուհանդերձ տրանսպորտային միջոցների սեփականատերերը չէին կարողանում դրանք ձեռք բերել։

Ֆիննախը հայտարարում էր, թե կտրոն կա, բանկերն ասում էին՝ չկա։ Ամանորյա տոներից առաջ փորձ արվեց այս թնջուկին տալ ժամանակավոր լուծում՝ վարորդներին ազատելով կտրոն չունենալու համար պատասխանատվությունից։ Դաշտի կարգավորմամբ զբաղվող կառույցները հույս ունեին, որ տոներից հետո խնդիրը կլուծվի։ Սակայն այդպես չեղավ։ Այսօր էլ 2013թ. տեխզննության կտրոնները շարունակում են դեֆիցիտ լինել։

Թե ով է այս ամենի մեղավորը, կարեւոր չէ։ Մի բան ակնհայտ է. դրա հետեւանքով լուրջ անհարմարություններ է ստեղծվել քաղաքացիների համար։ Հատկապես տոներից առաջ վարորդները ստիպված էին մի բանկից մյուսն անցնել՝ կտրոն ճարելու համար։ Ծանոթներիցս մեկը երեւանյան բազմաթիվ բանկեր այցելելուց հետո կարողացել էր կտրոն ձեռք բերել Իջեւանից։

Այս առումով մարդկանց անհանգստությունն անշուշտ արդարացված էր։ Դատելով տուգանքի չափերից՝ տեխզննության՝ կտրոն չունենալը Հայաստանում տրանսպորտային ծանր խախտում է համարվում։ Ինչպես հայտնի է, մեքենայի դիմապակու վրա դրա չլինելն առաջացնում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով։
Թեեւ ընդհանրապես անհասկանալի է տեխզննման համար նման խիստ տուգանքի սահմանումը։ Առաջին հայացքից, թվում է, այդպես է արվել մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով։ Սակայն երբ հաշվի ես առնում, թե ինչպես է Հայաստանում իրականացվում տեխզննությունը, ընդհանրապես անիմաստ է դառնում նման խստության կիրառումը։

Իրականում դա արվում է ընդամենը մի նպատակով. մարդիկ ստիպված լինեն կատարել համապատասխան վճարումներ։ Իսկ դրանք բավական մուտքեր են ապահովում ինչպես պետական, այնպես էլ տեղական բյուջեների համար. ընդ որում՝ տեխզննության ամբողջ գործընթացը Հայաստանում զուտ ձեւական բնույթ ունի։ Մարդիկ ստիպված վճարում են մի բանի համար, որից այդպես էլ գրեթե չեն օգտվում։
Ինչեւէ, 2013թ. տեխզննության կտրոնների անհայտանալը բանկերից այնպիսի իրարանցում առաջացրեց, որ ոստիկանությունը ստիպված եղավ տոներից առաջ հայտարարել, թե մինչեւ հունվարի 12-ը տուգանքներ չի կիրառելու կտրոն չունեցող վարորդների նկատմամբ։ Որքան էլ այդ քայլը նպատակ ունենար հանգստացնել քաղաքացիներին, այնուհանդերձ դա, ըստ էության, օրենքի խախտում էր։
Օրենսդրությունն արձանագրում է, որ կտրոն չունենալու դեպքում ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը պարտավոր է 50 հազար դրամով տուգանել վարորդին։ Ստացվում է, որ որոշ մարդկանց կամ կառույցների անփութության հետեւանքով շրջանցվեց օրենքը։

Ընդ որում, ի սկզբանե նախատեսված ժամկետում այդպես էլ խնդիրը չլուծվեց։ Ուստի որոշվեց այն եւս մեկ անգամ երկարացնել։ Ավելին, փոխվեց նաեւ տեխզննության կտրոնները տրամադրողների շրջանակը։ Բացի «ՎՏԲ-Հայաստանից», ֆինանսների նախարարությունը մյուս բոլոր բանկերին զրկեց 2013թ. տեխզննության կտրոններ տրամադրելու իրավունքից.
-Ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, ովքեր 2012թ. վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013թ. տեխնիկական զննման կտրոններ, նախատեսվում է տրամադրել դրա անհրաժեշտ քանակություն։ 2013թ. տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 21-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ գույքահարկի զրոյական անդորրագիրը։

2013թ. տեխզննության կտրոնները կտրամադրվեն «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Հայաստանի տարածքում ամենաշատ մասնաճյուղեր ունեցող բանկն է, ինչպես նաեւ կարեւորելով այս պահին աշխատանքների առավել օպերատիվ եւ կանոնակարգված կազմակերպելու անհրաժեշտությունը,- անցած շաբաթվա վերջին հայտարարեց ֆինանսների նախարարությունը։

Նախարարությունը միաժամանակ հիշեցրեց, որ մինչեւ հունվարի 31-ը, ըստ «ճանապարհային ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնության, 2013թ. տեխզննության կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվի, եթե նրանք ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիր»։

Փաստորեն այս գործընթացում սահմանափակումներ մտցնելով՝ ֆինանսների նախարարությունը միաժամանակ նոր բարդություններ ստեղծեց վարորդների համար։ Եթե նախկինում կտրոններ կարելի էր ստանալ նաեւ այլ բանկերից, ապա այժմ նրանք պետք է փնտրեն միայն «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղերում։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031