Հունվարի 11-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան նրբանցքի 8-րդ շենքի 24 բնակարանում սպանություն է տեղի ունեցել։ 83-ամյա Վոլոդյա Նիկոյանը տանը լուրջ վիճաբանության է ունեցել իր որդու՝ 56-ամյա Վլադիմիր Նիկոյանի հետ եւ խոհանոցային դանակով հարվածել նրա կրծքավանդակին։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ Վոլոդյա Նիկոյանը նույն օրը՝ ժամը 19:00-ին, իր տնից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։ Հանցագործության գործիք դանակն առգրավված է։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։ Կատարվում է Նախաքննություն։
«Ժողովուրդ»-ը եղավ դեպքի վայրում։ Ինչպես տեղեկացանք հարեւաններից, Վ. Նիկոյանն ուներ երկու երեխա՝ դուստրը՝ Նատաշա Նիկոյանը, որդին՝ Վլ. Նիկոյանը։ 83-ամյա պապիկը ապրում էր տղայի ընտանիքի հետ։ Սպանվածն էլ ուներ երկու երեխա՝ մեկ տղա եւ մեկ աղջիկ։ Հարեւանների պարզաբանմամբ՝ դեպքի օրը տանը եղել են երեք հոգի։ «Հարսը լսել է, որ հայր ու տղա վիճում են, բայց չի միջամտել, իսկ երեխաներն աշխատանքի են եղել»,- ասաց հարեւաններից մեկը, որը չցանկացավ այլ մանրամասներ պատմել՝ պատճառաբանելով թե ինքը գործ չունի եւ չի ուզում խառնվել այս պատմությանը։
41 տարի Դավիթ Մալյան նրբանցքի 8-րդ շենքում բնակվող 82-ամյա Արմենակը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ շատ լավ ճանաչել է Վլադիմիր եւ Վոլոդյա Նիկոյաններին։ «Այդ տան միակ պրոբլեմն այն էր, որ Վլադիմիրը (սպանվածը) հարբեցող էր եւ ամբողջ օրը խմում էր»,- նշեց Արմենակը։ Իսկ բակում հավաքված բնակիչները հավելեցին, որ բացի խմելուց, նա շատ դաժան էր վերաբերվում հորը. «Խմում, գալիս էր, այդ մարդուն աշխարհի վերջին բառերն էր ասում ու շատ վատ էր վերաբերվում»։
Կարդացեք նաև
Հարեւանների խոսքով՝ մի քանի անգամ նրանց բնակարանում այնքան լուրջ վեճեր են տեղի ունեցել, որ իրենք ցանկացել են ոստիկանություն դիմել, բայց, ինչպես ցավով ու ափսոսանքով նշեցին, այդպես էլ չեն դիմել, ու արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ վաղ թե ուշ տեղի էր ունենալու։ «Ասում էինք՝ հարեւաններ են, լավ մարդիկ են, հիմա ինչ անենք, որ տղան հարբեցող է ու միշտ կռիվ է սարքում։ Բայց դե, խմիչքը քանդեց նրա ընտանիքը»,-նշեց Արմենակը։
Փորձեցինք զրուցել նաեւ Նիկոյանի ընտանիքի անդամների հետ, սակայն վերջիններս տանը չէին, եւ ինչպես պարզաբանեցին բակի բնակիչները, հոգեհանգստի հացից դեռ չէին վերադարձել։
Հարազատներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը։ «Վլադիմիրը, ինչպես միշտ, հարբած եկել է տուն եւ կռիվ հրահրել։ Հայհոյել է հորը, այնուհետեւ փայտով հարվածել նրա գլխին։ Հայրը ընկել է գետնին։ Իրավիճակը գնալով ավելի է բարդացել, երբ Վլադիմիրը, բացելով իր մարմինը, հորն ասել է. «Դե հիմա էլ կարաս՝ դո՛ւ ինձ խփի, դե խփի՛ է», եւ հայրը խոհանոցի դանակով հարվածել է որդուն»։ Մեր զրուցակցի խոսքով՝ երբ շտապօգնությունը եկել է դեպքի վայր, Վլադիմիրն արդեն հոգեվարքի մեջ է եղել եւ շտապօգնության մեքենայում մահացել է։
Տեղեկացանք նաեւ, որ Վլադիմիրը զոդող է եղել (սվարչիկ): Իսկ նրա կինը տանը ստեղծված մթնոլորտի պատճառով հեռացել էր ամուսնուց եւ միայն վերջերս էր վերադարձել։ Ըստ հարեւանների՝ Վլադիմիրի քույրը՝ Նատաշան, ֆինանսապես ապահովված է եւ տարիներ առաջ փորձել է հարբեցողությունից բուժել եղբորը, սակայն ապարդյուն։ Հարեւանևերից Արմենակը նշեց, որ այս միջադեպի պատճառով քանի գիշեր է՝ չի կարողանում քնել, եւ շատ է ցավում, որ հարբեցող տղայի պատճառով Վոլոդյան պետք է մնացած տարիները բանտում անցկացնի։
Որդուն դանակով հարվածելուց հետո Վոլոդյա Նիկոյանը փախուստի չի դիմել, այլ փակվել է իր սենյակում եւ դուրս չի եկել։
Հ. Գ. Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Սմբատ Մխիթարյանի որոշմամբ 83-ամյա Վոլոդյա Նիկոյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է
ընտրվել ստորագրությունը՝ բնակության վայրից չբացակայելու մասին։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Ժողովուրդ»