Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիր չկա, բայց ստեղծելը խնդիր չէ

Հունվար 15,2013 11:21

Հայաստանի ֆինանսների նախարարությունը 2013 թվականի համար մոտ 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: Հաշվի առնելով 2009 թվականի 14 տոկոս անկումը, մենք կարող ենք ասել, որ 2013 թվականին բարեհաջող զարգացումների դեպքում Հայաստանը կարող է մոտենալ ելման դիրքին:

Սա, իհարկե, չափազանց փոքր, չափազանց դանդաղ աճ է: Եթե սրան էլ գումարում ենք այն, որ Հայաստանում շարունակում է բարձր մնալ սոցիալական բևեռացվածությունը` երբ աղքատների ու հարուստների եկամուտների տարբերությունը շատ մեծ է, ապա հասկանալի է դառնում, որ Հայաստանի տնտեսության համար կանխատեսվող այդ աճերը պարզապես բուտաֆորիա են, արհեստական թվաբանություն, որն իրական կյանքի, իրական մարդկանց պահանջներին բացարձակապես չի բավարարում: Այսինքն՝ Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությունն ունի չնչին արդյունք ու չի համապատասխանում հասարակության և պետության պահանջներին:

Հայաստանի իշխանությունները հասկանում են այդ իրողությունը ու նաև գիտակցում, որ այդ բուտաֆորիկ աճով հնարավոր չէ երկար պահել իրավիճակը, և կա՛մ պետք են խոշոր ներդրումներ տնտեսության մեջ, կա՛մ էլ անհրաժեշտ է բացել տնտեսությունը, ազատականացնել, մրցակցային դարձնել այն:

Երկրորդ տարբերակը իշխանությունների համար առավելապես անցանկալի է, քանի որ այն Սերժ Սարգսյանին խնդիրներ է խոստանում օլիգարխների հետ: Տնտեսության ազատականացումը, մրցակցային դարձնելը նշանակում է օլիգարխներին զրկել մոնոպոլիաներից, օլիգոպոլիաներից: Դա առավել ևս դժվար է, քանի որ բիզնեսն ու իշխանությունը սերտաճած են և նրանք, ովքեր զրկելու են, իրենք էլ, ըստ էության, օլիգարխիայի մաս են կազմում:

Մնում են խոշոր ներդրումները, որոնք, սակայն, գալիս են միայն քաղաքական պայմաններով, և այդ քաղաքական պայմաններից մեկն էլ օլիգարխների չեզոքացումն է: Նման պայման չի դնում միայն Ռուսաստանը, բայց Ռուսաստանն էլ ներդրում չի անում: Ինչ վերաբերում է արևմտյան ներդրումներին, ապա այստեղ պայմանները հստակ են և կոնկրետ:

Հայաստանի իշխանությունները կանգնած են դիլեմայի առաջ և հույս ունեն, որ նախագահական ընտրություններում պայքարի բացակայության շնորհիվ կհանգուցալուծեն այն ու ցույց կտան, որ իբր այս անգամ օլիգարխիայի ընտրական դերակատարումը հասցրել էին նվազագույնի, և կամաց-կամաց նույնն է լինելու նաև տնտեսական դերակատարման իմաստով:

Արևմուտքին դրանով չես խաբի, բայց ներդրումներ, ամենայն հավանականությամբ, կլինեն` խոստումների տեսքով, իհարկե, մինչև Սերժ Սարգսյանը կոնկրետ գործով կպայքարի օլիգարխիայի դեմ: Եթե ոչ, ապա ներդրումային խոստումները հենց այդպիսին էլ կմնան, իսկ իրավիճակն էլ կշարունակի Սերժ Սարգսյանի գլխին կախված մնալ Դամոկլյան սրի պես, երբ թվում է, թե նա ոչ մի խնդիր չունի, բայց, միևնույն ժամանակ, նրա համար լրջագույն խնդիրներ ստեղծելը անհրաժեշտության դեպքում ոչ մի ջանք չի պահանջի:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031