Այսօր` հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:40 սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` «Սոճի Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ, պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո հրդեհ է առաջացել:
Ըստ shamshyan.com–ի, նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ հրշեժ -ջոկատի աշխատակիցները եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման հերթապահ խումբը` 1 մարտական հաշվարկով:
Դեռեւս անհայտ պայմաններում տեղի ունեցած պայթյունի եւ առաջացած հրդեհի հետեւանքով այրվել է «6.5» տաքսի ծառայությանը պատկանող «Դեյվու» մակնիշի Լ 3267 համարանիշի ավտոմեքենան:
Փաստի առթիվ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հետաքննություն է սկսվել: