Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջե՝ քյաֆթառության հաշվին

Հունվար 15,2013 10:54

Երեկ ՀՀ նախագահական նստավայրի առաջ բողոքի ցույց էին անում ատամնաբույժները։ Վերջիններս բողոքում են այս տարվա հունվարի 1-ից իրենց նկատմամբ կիրառվելիք նոր հարկից։ Ըստ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի, 2013 թվականի հունվարի 1-ից ատամնաբույժները պետք է ամսական 80 հազար դրամ արտոնագրային վճար մուծեն յուրաքանչյուր «բազկաթոռի» համար։ Այսինքն, եթե մասնավոր ատամնաբույժը իր տան սենյակներից մեկը կահավորել է որպես ատամնաբուժարան եւ տեղադրել մեկ հատուկ բազկաթոռ, ապա նա պետք է վճարի տարեկան 960 հազար դրամ արտոնագրային վճար։ Եթե երկու բազկաթոռ, ապա մեկ միլիոն 920 հազար… Սա մինչեւ երեք բազկաթոռի համար։ Ավելի մեծ ատամնաբուժարանների համար հաշվարկը մի քիչ այլ է՝ ամսական այդ վճարը կկազմի 240 հազար դրամ գումարած 3 ատամնաբուժական բազկաթոռը գերազանցող՝ յուրաքանչյուր բազկաթոռի համար եւս 48 հազար դրամ։ Այսինքն, 10 բազկաթոռ ունեցող ատամնաբուժարանը միայն, որպես արտոնագրային վճար, ամսական վճարելու է 720 հազար, կամ տարեկան՝ 8 միլիոն 640 հազար դրամ։ Նույն կարգով հարկվելու են նաեւ ատամնատեխնիկները։ Նշվածը վերաբերվում է միայն Երեւանին։ Մարզերում թվերը մի քիչ ավելի մեղմ են։ Հասկանալի է, որ սա լուրջ հարկային բեռ է ատամնաբույժների համար, եւ այն կիրառվելու դեպքում ատամնաբույժների ծառայությունները էականորեն կթանկանան։

Առանց այդ էլ այդ ծառայությունները արդեն իսկ թանկ են այնքան, որ բնակչության մի ստվար հատվածը, եթե չասենք մեծամասնությունը ատամնաբույժի ծառայություններից օգտվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Մեկ-երկու ատամ «պլոմբելը» արժե մոտավորապես այնքան, որքան մեկ ամսվա ընթացքում վաստակում է հայաստանցի շարքային աղքատ քաղաքացին։ Իսկ, նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ հայաստանցիների 35 տոկոսը աղքատ է։ Բնակչության մի ստվար հատված էլ չի համարվում աղքատ, բայց ատամնաբույժին այցելելը նրանց համար լուրջ ծանրություն է ընտանեկան բյուջեի վրա։

Ասվածը լրացուցիչ ապացուցման կարիք չունի։ Դա հատկապես, ակնհայտ է այն ժամանակ, երբ մեր փողոցներում հանդիպում ենք ժպտացող տարեց մարդկանց։ Նրանց ժպիտներում, մի տեսակ նոսրություն կա։ Նշված հարկը գործունեության մեջ մտնելու պարագայում մեր պետական բյուջեն շոշափելի գումարներ կստանա, բայց փոխարենը՝ Հայաստանում ավելի կշատանան «քյաֆթառները»։ Ստացվում է, որ մեր պետական բյուջեն ուղիղ համեմատական է հայաստանցի «քյաֆթառների» թվին։

Իհարկե, եթե ատամնաբույժը եկամուտ է ստանում, ապա այղ եկամտի մի մասը պետք է, որպես հարկ, վճարի պետությանը։ Սա քննարկման թեմա չէ: Բայց խնդիրն այստեղ այլ է։ Ատամնաբույժներին հարկելով, պետությունը միայն մի խնդիր է լուծում, ավելացնել բյուջեի եկամուտները։ Բայց այդ նույն պետությունը, չգիտես ինչու, այդքան հետեւողական չէ, օրինակ, հանքարդյունաբերության, առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրման, մեծածախ առեւտրի եւ այլ՝ եկամտաբեր ոլորտների հարկման հարցում։ Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ նշված ոլորտներում առկա ահռելի ստվերը երկու-երեք տոկոսով կրճատելու դեպքում պետբյուջեն 10-20 անգամ ավելի եկամուտ կստանա, քան Հայաստանի բոլոր ատամնաբույժներին, ատամնատեխնիկներին, վարսավիրներին լրացուցիչ հարկելուց։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031