Լրահոս
Օրվա լրահոսը

«Էպոսն ի՞նչ է ասում ժամանակակից տնտեսության մասին»

Հունվար 15,2013 10:52

«Կարծեմ, այդ մարդը վետերան է, չէ՞, նախագահական ընտրությունների,- հարցրեց էպոսագետը, լսելով, որ Արամ Հարությունյանն իրեն է համարում «իշխանական» թեկնածու,- ինքն արդեն երրորդ անգամ է առաջադրվում։ Եթե նա էլի ասելու բան չունի, Վարդան Սեդրակյանի մեղքը ո՞րն է ստեղ»,- հարցրեց նա, պատմելով, թե ինչ բեղուն, «ասուլիսային» օրեր է ինքն անցկացնում, ի տարբերություն Արամ Հարությունյանի։

Ասուլիսը Վարդան Սեդրակյանի կյանքում նոր երետւյթ է, ինչպես եւ ինքը՝ էպոսագետը, հրապարակային քաղաքականության մեջ։ Երեւում է, որ նրան դուր է գալիս ասուլիս տալը, եւ այդ բառը նա, ակներեւ, հաճույքով է արտաբերում։ «Ես ասուլիսներ եմ հրավիրում, իսկ եթե մարդն ասելու բան չունի, չի հրավիրում ասուլիսներ, չունի տեսակետներ խնդիրների մասին՝ ներքին, արտաքին, եւ ո՞վ է մեղավոր,- ասում է էպոսագետը «Նռան» մասին։- Ես էսօր ասուլիս եմ տվել, այս ուրբաթ ասուլիս եմ տվել, 16-ին ունենալու եմ ասուլիս։ Հարցրեք ակումբների տերերին, պատասխանատուներին։ Ասեք՝ Վարդան Սեդրակյանը ձեզ խնդրե՞լ է իրեն հրավիրել։ Իմ ասուլիսները կամ հարցազրույցներն ի՞նչ կապ ունեն իշխանության հետ։ Էսօր ես նոր եմ հասել տուն, ասուլիսից հետո երկու ժամ հարցերի էի պատասխանում, «Ռեգնումի» հետ եմ աշխատել։ Քիչ հետո աշխատելու եմ ֆրանսիական երկու օրաթերթերի հետ, մի քանի հարցազրույց էլ Աբխազիայի եւ Օսեթիայի ԶԼՄ-ներին եմ տալու, ինձ հարցեր են ուղարկել, սա է՞լ են իշխանություններն անում»,- բողոքում է էպոսագետը «իշխանության փուչիկ» անվանման դեմ։

«Ձեր տնտեսական ծրագրի մասին չեք խոսում երբեք, ո՞րն է այն» հարցիս Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Հիմնականը արդարության հաստատումն է երկրում։ Տնտեսական ծրագրերը կարող են մնալ թղթի վրա, ինչքան էլ գեղեցիկ լինեն, բայց առաջնայինը երկրի մթնոլորտն է։ Եթե երկրի նախագահը կաշառք չի վերցնում, ֆեոդալական ծրագրով էլ կարելի է տնտեսական աճ ունենալ։ Իսկ եթե խոսում ենք բարձր մակարդակի հովանավորչության մասին, այն տխուր իրականության, որ ունենք, ոչ մի ծրագիր էլ չի աշխատի։ Իմ հիմնական թեզն այն է, որ 3 նախագահները լինելու են իմ խորհրդականները, Եւ մենք միասին ենք վերականգնելու երկիրը։ Լինելու է նոր, արդար ԱԺ, որը կառաջարկի եւ վարչապետին, եւ տնտեսական ծրագիր, իսկ ես, որպես նախագահ, ուղղակի վերահսկելու եմ այդ ծրագրերի իրականացումը»։

Իսկ «էպոսն ի՞նչ է ասում ժամանակակից տնտեսության մասին» հարցին պատասխանեց. «Երբ որ Սանասարը կառուցում է Սասունը, ասում է, որ աշխարհի բոլոր ունեւոր մարդիկ ասեցին՝ եթե սենց ար¬դար կառավարիչներ կան, ինչո՞ւ ենք մենք այստեղ ապրում, մեր ունեցվածքը վերցնենք-գնանք նրանց քաղաքում ապրենք։ Պետք չի բառացի գրել, ДНС-ն էսքան սարքեց կամ բան, կարեւորը արդար կառավարման համակարգն է»։ «Այսինքն, էնպես անեք, որ աշխարհի հայերը վերցնեն իրենց հարստությունն ու գան Երեւա՞ն»։ «Ինչո՞ւ միայն հայերը, հայկական լեռնաշխարհը բոլոր ազգերի նախահայրենիքն, է, իսկ բիզնեսը, եթե դուք գիտեք, հայրենիք չունի, փողը գնում է այնտեղ, որտեղ արդարություն կա, իսկ ստեղ ո՞ւր գա։ Գա, որ Սաշիկի՞ն հանդիպի»,- եզրափակեց էպոսագետը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031