ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն այսօր ասաց, որ ՀՀՇ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ սատարելո՞ւ է Հրանտ Բագրատյանին կամ որեւէ այլ թեկնածուի, թե՞ ոչ:
Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ փաստորեն ՀԱԿ-ի հայտարարությունը, որ «որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը» կոնգրեսականների համար որեւէ բան չի՞ նշանակում: Արդեն Սոս Գիմիշյանը հայտարարել է Հրանտ Բագրատյանին սատարելու մասին, ՀՀՇ-ն դեռ մտածում է, սա Կոնգրեսի, Լեւոն Տեր-Պետրոսյանի «գլխից թռնել» չի՞ ՝ նա պատասխանեց. «Ես գոնե այս վերջին 5 տարվա ընթացքում միշտ շեշտում էի թե՛ կուսակցության մեջ, թե՛ մամուլում, որ կուսակցությունները չպետք է կորցնեն իրենց դեմքը: Շատ դժվար է իհարկե դա անել: Հասկանում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի խարիզման: Ես չեմ կարծում, որ դա գլխից թռնել է, որովհետեւ ամեն կուսակցություն ի վերջո ինքնուրույն մարմին է, եւ ինքը կարող է իր համար որոշումներ կայացնել: Գոնե այդ դեպքում ինքը կմնա կուսակցություն: Դա չի նշանակում գլխից թռչել»:
Մենք ճշտեցինք ՝ՀԱԿ-ը այսինքն չկա՞ այլեւս, ամեն մի կուսակցություն առանձի՞ն է, նա պատասխանեց. «Չէ: Ի՞նչ կապ ունի՝ ՀԱԿ-ը կա՞, թե՞ չկա: Մեզանից ոչ ոք, մենք ՀԱԿ-ին չենք տվել այդ լիազորությունը` առաջադրելու կամ որոշումներ ընդունելու: Մենք ինքնուրույն կուսակցություն ենք, եւ իրավունք ունենք մեր որոշումներն ընդունելու»:
Մեր հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից Դուք վիրավորվա՞ծ եք իր այդ որոշման համար, նրա համար, որ շարժում ստեղծվեց, համախմբում եղավ, հասավ, աճեց, հետո՝ այսպես ասած «գնացինք տներով» եղավ, նա պատասխանեց. «Ես ինչո՞ւ պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման համար վիրավորված լինեմ: Ինքը հաշվարկ արեց, այդպես որոշեց: Հաշվարկի մեջ կարող էր սխալ լիներ: Կարող է սխալ հաշվարկած լիներ , բայց բոլորն էլ սխալվում են, այդ թվում նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես եւ ցանկացած մեկը: Բայց ինքը այդպես որոշեց, եւ ես, մենք պետք է հարգենք այդ որոշումը, փորձենք այս նոր իրավիճակում գտնել մեր քաղաքական պայքարի օպտիմալ ձեւը»:
Կարդացեք նաև
Հովհաննես Իգիթյանը նաեւ ասաց, որ ինքը տեսնում է երկու լուրջ թեկնածուներ, որոնց կարելի է սատարել՝ Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ես չեմ կարծում, որ Հրանտ Բագրատյանի նպատակը Սերժ Սարգսյանին կամ այս ընտրությունները լեգիտիմացնելն է կամ նրա ջրաղացին ջուր լցնելը: Ինքը իր կուսակցության լիդերն է, ասելիք ունի, ծրագիր ունի, փորձում է քաղաքական դաշտում զգալի տեղ, համարժեք տեղ զբաղեցնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ