Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի ընդդիմադիր թեկնածուները սկզբունքորեն կողմ են «Ժողովրդավարական հայրենիքի» առաջարկին

Հունվար 14,2013 22:25

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն այսօր դիմել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված, ընդդիմադիր դաշտը ներկայացնող թեկնածուներից երեքին ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին եւ Պարույր Հայրիկյանին: «Ժողովրդավարական հայրենիքն» առաջարկում է, որպեսզի ընտրապայքարում մնա նրանցից միայն մեկը, որի շուրջ էլ կհամախմբվի ընդդիմադիր դաշտը` կանխելով ընդդիմադիր ընտրազանգվածի փոշիացումը։ «Երեք թեկնածուները եթե իրավիճակը ճշգրիտ գնահատեն ու հանդես գան միասնական ծրագրով ու թիմով, եւ քվեաթերթիկում մնա նրանցից մեկը, այդ դեպքում մեր կուսակցությունը ակտիվ կմտնի քաղաքական գործընթացի մեջ», – հայտարարել է կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

Aravot.am-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, արձագանքելով այս առաջարկին, ասաց. «Առողջ առաջարկ է: Բայց ընդդիմադիր դաշտով չեն միավորվում: Ես կցանկանայի, որ այդ ցուցակում լիներ նաեւ Սերժ Սարգսյանի անունը: Խոսք պետք է գնա ազգային համաձայնության թեկնածուի մասին, այլապես, այս պարագայում, մեր պայմաններում, երկիրն իշխանականի եւ ընդդիմադիրի բաժանելը, այդքան էլ ճիշտ չէ»:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ ասաց, որ «Ժառանգությունը» մշտապես կոնսոլիդացիայի կողմնակից է եղել եւ այժմ էլ հույս ունեն, որ ինչ-որ մեթոդաբանությամբ կոնսոլիդացիան տեղի կունենա եւ անպայմանորեն մինչեւ ընտրությունների օրը: Թե հատկապես ի՞նչ մեխանիզմով տեղի կունենա կոնսոլիդացիան, տեղի կունենա՞, թե՞ ոչ, նման հասարակական պահանջի էլեմենտ կա՞, թե՞ ոչ, ցույց կտա նախընտրական արշավը:

Մեր հարցին` «Ժառանգությունում» անձի վերաբերյալ ամբիցիաներ չկա՞ն, կուսակցության մամուլի խոսնակը պատասխանեց հարցով. «Ե՞րբ են «Ժառանգության» կամ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ ամբիցիաներ եղել: Կարո՞ղ եք կուսակցության հիմնադրման 10 տարիներից ի վեր նման դեպք հիշել: Իր գործունեության ընթացքում թե’ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե’ «Ժառանգությունը», կոպիտ եմ ասում, բայց դա էդպես է, միշտ սպասարկել են ընդդիմադիր այլ ուժերի հետ մեկտեղ ինչ-որ միասնական դաշտ ստեղծելու գաղափարը` սկսած 2003-ից, երբ մենք սատարեցինք Ստեփան Դեմիրճյանին, որպես նախագահի թեկնածու, ապա 2005-ին, երբ մենք ընդդիմության հետ առաջին շարքերում էինք Բաղրամյան պողոտայում հանրահավաքների ժամանակ, 2008-ին, երբ սատարեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ 2009-ին, երբ «Ժառանգությունն» ընդհանրապես չգնաց Երեւանի ավագանու ընտրություններին` դաշտը թողնելով ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին»:

Հովսեփ Խուրշուդյանը նկատում է, որ մշտապես, երբ տվյալ քայլի համար շատ թե քիչ տրամաբանական հենք եղել է, «Ժառանգությունը» երբեք ամբիցիաները չեն խանգարել, անգամ մի կողմ դնելու համար սեփական ինքնությունը` միասնությունը սպասարկելու համար: «Ժառանգությունում» հույս ունեն, որ այդ քաղաքական տրամաբանությունը կընկալեն ու կկիրառեն նաեւ մյուս քաղաքական գործընկերները, երբ նման անհրաժեշտություն առաջանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031