Այսօր առավոտյան ատամնաբույժերը նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել եւ իրենց դժգոհությունն էին արտահայտում արոտնագրային հարկի մասին օրենքում կատարված փոփոխության վերաբերյալ, ըստ որի՝ մայրաքաղաքի կենտրոնական հատվածների ատամնաբուժական կենտրոնները, որոնք ունեն մինչեւ 3 հատ աթոռ, յուրաքանչյուրի համար պետք է վճարեն 80 հազար դրամ, իսկ ծայրամասերինը՝ 60հազար դրամ:
Այսօր երեկոյան մի խումբ ատամնաբույժեր հանդիպեցին նաեւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ:
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գեւորգյանը նշեց, որ իրենք նախարարին են ներկայացրել օրենքի փոփոխությունից հետո առաջացած բոլոր խնդիրները. «Օրինակ, առողջապահության ոլորտը ավելացված արժեքի հարկով չի գործում, բայց օրենքի այս փոփոխությամբ, անուղղակի կերպով ավելացված արժեքի հարկի նման մի բան է ստացվոււմ, այն էլ՝ 5-6 անգամ բարձր: Եթե օրենքով մի ատամնաբուժարանն արդեն հարկվում է եւ մի աթոռի համար արդեն վճար են սահմանել, էլ ինչո՞ւ նաեւ ատամնատեխնիկի եւ ռենտգենի համար էլ նույն հարկը վճարել, այդ 2 ծառայություններն արդեն մտնում են կլինիկայի ընդհանուր ծառայությունների մեջ: Բացի այդ, հաշվի չեն առել նաեւ մարզերը, նույն գումարը նաեւ մարզերի ատամնաբուժարանները պիտի վճարեն, մինչդեռ այնտեղ հաճախորդները քիչ են լինում»: Պարոն Գեւորգյանի խոսքերով` հարկային այս նոր փոփոխության արդյունքում Արմավիրի մարզում արդեն 3 ատամնաբուժարան է փակվել:
Աշոտ Գեւորգյանի փոխանցմամբ՝ առողջապահության նախարարն այսօր հանդիպման ժամանակ խոստացավ կառավարությունում խնդիրը բարձրացնել: Մեր այն հարցին, ի՞նչ պահանջ են դրել՝ հարկային շե՞մը նվազեցնել, թե ընդհանրապես այն հանել, ասոցիացիայի ղեկավարն ասաց.«Ատամնաբույժերը շատ վրդովված են, կառավարությունը պիտի գոնե այդ հարկային շեմը կտրուկ նվազեցնի, արդեն ընդունված օրենքը չեմ կարծում թե այդքան հեշտ կվերացվի, բայց գոնե շեմն իջեցնեն, հակառակ դեպքում մենք ստիպված գները կբարձրացնենք»:
Կարդացեք նաև
Որպեսզի կարողանան նոր հարկային բեռի տակից դուրս գալ, ատամնաբուժորանները մոտ 30%-ով կբարձրացնեն իրենց ծառայությունների գները, ինչպես նշեց ստոմատոլոգների ասոցիացիայի ղեկավարը, ատամնաբուժական ծառայություններն ընդհանուր առմամբ մոտ 50% -ով կթանկանան, քանի նյութերն ու տեխնիկան հունվարի 1-ից 10-20%-ով թանկացել են:
Պարոն Գեւորգյանը նաեւ հայտարարեց, որ հունվարի 26-ին Ամերիկյան համլասրանում 1500 ստոմատոլոգների հանդիպում է տեղի ունենալու եւ քննարկելու են իրենց հետագա քայլերը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ