Aravot.am-ն այսօր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ի՞նչ խնդիր է լուծում էպոսագետ Վարդան Սեդրակյանը՝ առաջադրվելով նախագահի թեկնածու: Նա պատասխանեց, որ էպոսագետը որեւէ կերպ հետաքրքրություն չի առաջացնում. «Անհայտ մարդ է: Դա իրեն չի վերաբերվում, բայց կան մարդիկ, ովքեր փորձում են իրենց անձի շուրջ աժիոտաժ ստեղծել: Ընտրագրավի գործիքակազմը մենք կիրառում ենք նրա համար, որ նմանատիպ մարդկանցից զերծ պահենք ընտրական պրոցեսը, որը լուրջ խնդիր կարող է ստեղծել: Պատկերացրեք մարդիկ, որոնք չի երեւում արտաքինից, որ ունեն հոգեկան շեղումներ, առաջադրվեն եւ տարբեր հայտարարություններով հանդես գան: Մենք բավականին զվարճալի ընտրություններ կունենանք: Իսկ էպոսագետի մեջ ես փորձում եմ այն դրական հատիկը տեսնել՝ միգուցե իր քայլով մեր «Սասունցի Դավիթը», մեր էպոսը ուզում է հասու դարձնել մեր մատաղ սերնդին: Բայց եթե նույն էպոսին հղում անեմ, հիշում ենք, որ Սասունցի Դավթին երբ ուղարկում էին գառնարած, խառնում էր նապաստակ, աղվես, գայլ: Դրա համար Վարդան Սեդրակյանին էլ կարծում եմ վստահել չի կարելի, թե չէ ամեն ինչ կխառնի»:
Մեր զարմանքին, որ էպոսագետին Սասունցի Դավթի հե՞տ եք համեմատում՝ նա պատասխանեց. «Եթե ինքն ունի Լեքսուս ջալալի, ուրեմն պետք է համեմատենք: Մի փոքր համբերենք, տեսնենք նա ինչպես է իր քարոզարշավն անցկացնելու իր Լեքսուս ջալալիով, ամեն ինչ պարզ կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ