Նկատի ունենալով, որ.
– Հայաստանի Հանրապետության 2013 թվականի նախագահական ընտրություններին նախորդող շրջանի եւ նրա շուրջ ստեղծված ներքաղաքական իրավիճակի հիմնական բնորոշիչը քաղաքական դաշտերի ռեսուրսային հավասարակշռումն էր իշխանական ու այլընտրանքային-ընդդիմադիր ուժերի միջեւ՝ ԲՀԿ-ի նյութական, ՀԱԿ-ի միտինգային եւ ՀՅԴ-ի գաղափարական միացյալ ռեսուրսների հնարավոր հակակշռումը ՀՀԿ-ի նյութական ու գաղափարական համակարգին, որը կարող էր ստեղծել ազգային եւ պետական շահերից բխող նախագահական ընտրությունների իրական մրցակցային մթնոլորտ,
Կարդացեք նաև
– Հիմնազուրկ ու չարդարացված քաղաքական դրդապատճառներով ԲՀԿ, ՀՅԴ եւ ՀԱԿ քաղաքական կազմակերպությունների վերնախավերը, տուրք տալով անձնական հավակնություններին ու շահերին, առանց իշխանության միջամտության, չկարողացան ձեւավորել միասնական ընդդիմադիր ճակատ, եւ իրենք իրենց դուրս դրեցին Հայաստանի Հանրապետությունում գլխավոր քաղաքական իրադարձությանը մասնակցելուց,
– Քաղաքական ուժերի նման վարքագիծը, այնուամենայնիվ, հանգեցրել է ՀՀ քաղաքական դաշտի մի նոր որակական իրավիճակի ձեւավորմանը, որի հիմնական բնորոշիչն արդեն ՀՀ գործող նախագահի հաղթանակի անվիճարկելի հնարավորությունն է, ընդ որում՝ նույնիսկ առանց որեւէ քաղաքական, տնտեսական եւ այլ կարգի ուժերի գործուն աջակցության:
Հաշվի առնելով նման իրավիճակի աննախադեպությունը՝ «Ազգային Անվտանգություն կուսակցությունը»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Գործող նախագահի վերընտրությունից հետո նրա համար բացառիկ հնարավորություն է ստեղծվում պատմական այս ժամանակահատվածում անկաշկանդ գործելու եւ ձեւավորելու այնպիսի իշխանական համակարգ, որն ի զորու կլինի վերադարձնել ժողովրդի հավատը իշխանության նկատմամբ եւ լուծել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած ազգային-պետական կարեւորագույն խնդիրները: «Ազգային Անվտանգություն» կուսակցությունը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել անվտանգ, արդար եւ ապահով Հայաստան կերտելու գործին: