Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահայտություններ, որոնք մատնում են Ձեր զգացմունքները

Հունվար 14,2013 18:57

Նրանք, ովքեր սիրում են, կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։ 

Սիրահարներն իրար որսում են հայացքով, սակայն կան բառեր և արտահայտություններ, որոնք մատնում են նրանց զգացմունքները նույնիսկ այն դեպքում, երբ չեն կամենում: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե ինչպես են երիտասարդները նկատում իրենց նկատմամբ ունեցած այլոց համակրանքը: 19-ամյա Լաուրան պատմում է՝ ներկայիս ընկերոջ զգացմունքների մասին իմացել է ավել շուտ, քան նրա խոստովանելը: «Մենք նույն թաղում ենք ապրում, իրար հետ վաղուց մտերիմ էինք: Սակայն նա անընդհատ հարցնում էր՝ նեղացնող կամ անհանգստացնող չկա՞, եթե ինչ-որ բան լինի, գիտես, ախպորդ անպայման կասես,-ասում է նա ու հավելում,- ախպերը չէր կարա անընդատ վատաբաներ կուրսի իմ տղա ընկերներին, որոնց հետ շատ մոտ էի, նա անընդհատ պիտակներ էր կպցնում նրանց, որպեսզի ընկնեին աչքիցս, հիմա նա խոստովանում է, որ այդ ժամանակ խանդել է նրանց»: 21-ամյա Սոֆյան էլ ասում է. «Երբ ինչ-որ մի տղա համակրում է ինձ, անընդհատ հաճոյախոսություններ է անում: Եղել է նաև, երբ մեկը հավաստիացրել է, որ ընկերուհի ունի և որ ուզում է մենք էլ լինենք ընկերներ, անընդհատ իմ կարծիքն է հարցրել իր մասին, նաև իմ մասին, թե ինչ նախասիրություններ ունեմ ու առիթը բաց չի թողել «ընկերական» նվերներ մատուցելու»,-ասում է նա:
Լինում է նաև, որ տղան ոչ միայն չի խոստովանոմ զգացմունքները, բայց տպավորություն է ստեղծում`կարծես թե աղջիկը պարտավորություներ ունի իր նկատմամբ, շրջապատողներն էլ մտածում են, որ տղան նրա ընկերն է: Կան աղջիկներ, որոնց դուր է գալիս այս կարգավիճակը, օգտվելով առիթից փորձում են ավելի շատ ժամանակ անցկացնել տղայի հետ ու ճանաչել նրան՝ հետագայում իր համաձայնությունը տալու կամ չտալու համար: «Համակուրսեցիս ինձ անընդհատ հրավիրում է իրենց տուն՝ պարապելու պատրվակով: Նրա ծնողները առանձնակի ուշադրություն են դարձնում ինձ: Երբեմն նա կատակով ասում է, որ եթե ես կամակոր չլինեի, կամուսնանար ինձ հետ, թե նրա ծնողները ևս ասում են, որ ես լավ աղջիկ եմ, որ սազում ենք իրար,-պատմում է 21-ամյա Գայանեն ու հավելում,- նա անտարբեր չէ իմ նկատմամբ, ես՝ ևս, բայց մենք երկուսս էլ համառ ենք ու երբեք չենք խոստովանի»:
Տղաների պես՝ հաճախ աղջիկները ևս անկարող են լինում թաքցնել իրենց զգացմունքներ, լինում է նաև, որ դիտմամբ ակնարկներ են անում: «Երբեմն աղջիկները դիտմամբ քո ներկայությամբ խոսում են իրենց իդեալի մասին՝ մեջբերելով այնպիսի հատկանիշներ, որոնցով օժտված ես դու, ստացվում է՝ խոսում են քո մասին»,-ասում է 23-ամյա Գոռը: Իսկ 16-ամյա Մերուժանը պատմում է. «Մի աղջիկ միշտ բարեհամբյուր է եղել իմ հետ, մի անգամ էլ պատահաբար ինձ դիմել է` կյանքս, որից հետո շփոթվել է ու փոխել խոսակցության թեման»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031