«Դեկտեմբերի 22-ից Ազատության հրապարակում Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ անցկացվող Ամանորի բազմազան միջոցառումները հունվարի 13-ին ավարտվեցին»,-այսօր «Ձմեռային փառատոն Հայաստան»-ի փակման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց փառատոնի հեղինակ Րաֆֆի Նիզիբլյանը:
Նրա պնդմամբ, կազմակերպված ձմեռային շքերթը, տոնածառների ցուցահանդեսը, ձմեռային խաղերը, ձեռքի աշխատանքները, ձմեռ պապերի մրցավազքը անցան հաջող եւ շատ ջերմ մթնոլորտում.
«Փառատոնի օրերին Ազատության հրապարակում կազմակերպված միջոցառումներին մասնակցում էին հարյուրավոր երեխաներ, երիտասարդներ եւ նույնիսկ տարեցներ: «Ձմեռային փառատոն Հայաստանն» ակնկալում է հաջորդ տարի եւս նոր գույներ ու աշխուժություն հաղորդել ձմռանը, ինչպես Երեւանում, այնպես էլ քաղաքի սահմաններից դուրս»:
Արդեն 6-րդ տարին անցկացվող ձմեռային փառատոնը սկսվել է ավանդական ձմեռային շքերթով` Կաղանդ պապի առաջնորդությամբ եւ ավելի քան 150 մասնակիցներով` երաժշտական խմբեր, պարախմբեր եւ գունեղ հագուստներով հետաքրքիր կերպարներ: Փառատոնի ամենաուրախ եւ աշխույժ միջոցառումներից մեկին` ձմեռ պապերի մրցավազքին, մասնակցել են ավելի քան ութսուն ձմեռ պապ, ովքեր իրենց ուժերն են փորձել վազքում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ