Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում, քաղաքապետը, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, մասնավորապես նշել է. «Նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել քաղաքապետարանի հետ ակտիվ աշխատելու ու համագործակցելու համար: Անցած տարում Երևանի քաղաքապետարանի ու նրա ենթակայության գրեթե բոլոր կառույցների աշխատանքը լրատվամիջոցների հետ հաջողվել է ու եղել է արդյունավետ` նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ խնդիրների շուրջ եղել են դիրքորոշումների տարբերություններ: Ժամանակն ու զարգացումները ցույց տվեցին, որ լրագրողական համայնքը գնալով ավելի ակտիվ դերակատարում է ունենում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում, և առաջինն է արձագանքում թե՛ դրական և թե՛ բացասական երևույթներին: Մենք բոլորս ապրում ենք Երևանում, սիրում ենք մեր քաղաքը, ուրախանում հաջողություններով, անհանգստանում վատ դրսևորումների համար: Մեզ բոլորիս միավորում է մեկ ընդհանուր նպատակ` հարամարավետ, մաքուր ու բարեկարգ տեսնել մեր քաղաքը, որի համար ես ակնկալում եմ կառուցողական սերտ համագործակցություն` ի դեմս լրագրողների տեսնելով իսկապես օբյեկտիվ, շահագրգիռ գործընկերների»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին, քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ լրագրողների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ 2013թ.-ին էլ ավելի լավ արդյունքներ կարձանագրվի Երևանի զարգացման ծրագրերում:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն