Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուն՝ Մուկուչյանին. դուք կատարում եք հանցագործություն ձեզ պարտակող կազմի հետ

Հունվար 14,2013 16:21

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում որոշեց գրանցել «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի , «Ռադիո Հայ» ընկերության տնօրեն Անդրիաս Ղուկասյանի եւ էպոսագետ Վարդան Սեդրակյանի նախագահի թեկնածությունները նախագահական ընտրություններում:

Հանձնաժողովը բավարարեց նաեւ նախագահի սոցիալիստ թեկնածու Ռոբերտ Ահարոնյանի ինքնաբացարկի դիմումը եւ նրա առաջադրման փաստաթղթերը վերջինիս պահանջով առանց քննարկման հետ վերադարձրեց:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ նախագահի թեկնածու Ռոբերտ Սիմոնյանի 6 էջանոց բողոք -դիմումը: Պարոն Սիմոնյանը դիմումում մեջբերել է տարբեր իրավական ակտեր եւ պահանջել ընտրությունները հետաձգել 2 շաբաթով: «Անհաղթահարելի խոչընդոտ իմ նկատմամբ ստեղծելու պատճառով, ձեզնից ու պետությունից չեմ ակնկալում որեւէ ծառայություն կամ աշխատանք, քանի որ որեւէ իրավական փաստաթուղթ կամ պայմանագիր չունեմ նախընտրական ժամանակահատվածում»,- իր դիմումը եզրափակել էր պարոն Սիմոնյանը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով նշված բողոքի բովանդակությամբ Սիմոնյանի ՝ Վարչական դատարան ներկայացրած հայցի մերժմանը, որով ԿԸՀ-ն պատասխանող կողմ էր ներգրավված, հանձնաժողովը որոշեց մերժել:

« Ի՞նչ հիմունքով »,- հարցրեց պարոն Սիմոնյանը եւ սկսեց իր ելույթը: «Տեղյակ եմ պահում այն մասին, որ ձեր որոշումը հանցագործություն է, պետական դավաճանություն, պատասխանատվության հարց է բարձրացնում: Ձեր ներկայացրած գործընթացներին, թե հիմք եք ընդունում Ընտրական օրենսգիրքը, ապա ասեմ՝ գլխավոր օրենքը Սահմանադրությունն է, ոչ թե Ընտրական օրենսգիրքը: Դուք Սահմանադրության նորմերը պետք է կատարեք: Դուք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եք կատարում… դուք կատարում եք հանցագործություն ձեր համակարգի, ձեր հանցագործությունները պարտակող կազմի հետ»:

Պարոն Սիմոնյանը հորդորեց ուշադիր լսել նաեւ Քաղաքացիական օրենսգրքի իր մեջբերումները: Պարոն Մուկուչյանն էլ կատակեց՝ դանդաղ ցիտեք, որ ընկալենք, թե չէ՝ այնքան արագ եք ցիտում, մեզ մոտ կարող է ինտելեկտուալ հյուծում առաջանալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031