Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ ամենահաճելի ձայնը կարող է վնասել մարդուն

Հունվար 14,2013 16:27

Յուրաքանչյուր բառ բաղկացած է հնչյուններից, որոնք ունեն իրենց վիբրացիան և ամպլիտուդը: Այդ մասին լավ գիտեին դեռևս հին աշխարհի բժիշկները, որոնք մարդկանց բուժում էին այս կամ այն հնչյունն արտաբերելու միջոցով: Օրինակ` հույն բժիշկ Էսկուլապը նյարդային բազմաթիվ հիվանդություններ բուժում էր բառերի բարձրաձայն արտաբերելով, իսկ Պյութագորասը ապաքինում էր երաժշտական կոմպոզիցիաների միջոցով (օրինակ` Հոմերոսից պատառիկներ կարդալով): Ահա թե ինչ է ասել հին մտածողն այդ մասին. «Երբեմն նույնիսկ երգեր էի հորինում` մարդու «քնած» ոգին արթնացնելու համար»:

Ըստ արտասահմանյան մասնագետների, օրինակ` «Խ Ի Ի Ի Ի» հնչյունը դրական է ազդում ողնաշարի և էնդոկրին համակարգի վրա` բերելով ջերմաստիճանային հավասարակշռության, երկարատև «ՍՍՍՍ» հնչյունի արտաբերումն ապաքինում է թոքերը, «ԽՕՕՕՈՒ»-ն կարգավորում է սրտի աշխատանքը, «ԻՄ»-ը պաշտպանում և մաքրում է օրգանիզմը, «Ի» հնչյունը կարգավորում է ուղեղն ու աչքերը, «Օ»-ն` շնչառությունը, իսկ «Ու»-ն` որովայնը: Այդ ցուցակը կարող է անվերջ շարունակվել, սակայն հնչյունի կամ ձայնի նշանակությունն ու ազդեցությունը մարդու առողջության վրա ավելի լավ հասկանալու համար` զրուցեցինք հոգեթերապևտ Միհրդատ Մադաթյանի հետ, ըստ որի` հոգեբանության մեջ կա առարկա՝ գիտություն «հոգեակուստիկա» անունով, որն ուսումնասիրում է մարդու կողմից ձայնի ընկալման հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: «Ելնելով նրանից, որ ձայնը որոշակի ամպլիտուդով օդի մոլեկուլների տատանումներ են, որոնք ռեզոնանսի մեջ են մտնում ականջաթաղանթի հետ` օգնելով մեզ ընկալել այն, կարելի է ենթադրել, որ կան ձայնի հաճախականություններ, որոնք մարդուն դարձնում են ավելի հանգիստ կամ, ընդհակառակը` դյուրագռգիր և ագրեսիվ: Օրինակ` 15–40 հերց ցածր հաճախականության ձայներն ակտիվացնում են մարդուն, քանի որ համապատասխանում են ուղեղի հաճախականությունների բետա դիապազոնին», – ասաց բժիշկը:  Իսկ` ի՞նչ է աղմուկը և ինչպե՞ս է այն ազդում մարդու վրա հարցին Մ. Մադաթյանը պատասխանեց, որ անընդհատ հաճախականության սպեկտրով ձայները կոչվում են աղմուկ: «Գիտական բազմաթիվ հետազոտություններից պարզվել է, որ երկարատև աղմուկը բացասական է ազդում մարդու վրա: Բացի այդ, կա հակադարձ կախվածություն քաղաքային աղմուկի մակարդակի և դպրոցականների առաջադիմության միջև», – նշեց մասնագետը` հավելելով, որ օրինակ՝ 75 դեցիբել ուժգնության աղմուկն իջեցնում է լսողության զգայունությունը և բարձրացնում անոթային ճնշումը, բարձր հաճախականության` 80 դեցիբել աղմուկները բերում են արտերիալ ճնշման զգալի բարձրացման, արագ հոգնածության և աշխատունակության անկման, իսկ այդպիսի աղմուկի երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել լսողության խանգարումների, խլության և խոցային հիվանդությունների:

Ըստ բժշկի` վերջերս եվրոպական հոգեբանների կատարած հարցումների արդյունքում պարզվել է, որ մարդկանց համար նույնիսկ հաճելի ձայների հնչողության տևողությունը չպետք է գերազանցի որոշակի ժամանակահատված: «Յուրաքանչյուր մարդ ունի իր նախընտրած ձայները: Այսպես, օրինակ` 5 վայրկյան տևողությամբ շշից լցվելիս խմիչքի ձայնը բացում է մարդու ախորժակը; առավոտյան 10 րոպե տևողությամբ թռչունների դայլայլը շատերի համար  աշխարհի ամենալավ զարթուցիչն է; մի քանի րոպե տևողությամբ կատուների մռռոցն առաջացնում է հարմարավետության ու հանգստի զգացողություն` դրական ազդելով մարդու ներքին օրգանների վրա: Այնուամենայնիվ, այդ ձայների երկարատև ազդեցությունը մադուն կարող են դարձնել դյուրագրգիռ», – բացատրեց մասնագետը և շարունակեց, որ մի քանի ժամ տևողությամբ տաշտակի մեջ լցվող անձրևի ձայնը և մի քանի ժամ այրվող փայտերի ճրթճրթոցը շատերի մոտ առաջացնում է ռոմանտիկ տրամադրություն և, փոքր-ինչ, իռացիոնալ զգացողություն; ձյան ճռճռոցը (1 րոպեից պակաս) ձմեռային, հատկապես` գիշերային ռոմանտիկ զբոսանքներ է հիշեցնում; մի քանի վայրկյան ծիծաղը բարձրացնում է տրամադրությունը (սակայն շատ ծիծաղը հակառակ ազդեցություն կարող է  ունենալ), իսկ վրանի տանիքին անձրևի երկարատև կտկտոցն առաջացնում է ապահովության և հարմարավետության զգացողություն:

Զրույցի վերջում մասնագետից հետաքրքրվեցինք` արդյոք 21-րդ դարի բժշկության մեջ կիրառվո՞ւմ է հնչյունաբուժությունը: «Այսօր կիրառում ենք «մտքի մեքենա» (mind machine) հասկացությունը, այսինքն` սենսորային ընկալման ռեցեպտորների` ականջաթաղանթների և ակնաբիբերի միջոցով հաղորդում ենք հաճախականության որոշ տատանումներ` կարգավորելով կամ սինթեզելով մարդու այս կամ այն հոգեվիճակը», – կարծիք հայտնեց Մ. Մադաթյանը` չմոռանալով նշել, որ այդկերպ նրանք կարող են մարդուն թուլացնել, բարձրացնել նրա կենտրոնացումը և աշխատունակությունը կամ դեպրեսիայից դուրս բերել:

 

                                                                                                            Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031