Խամաճիկների պետական թատրոնում երեկ՝ հունվարի 13-ին, ցուցահանդես էր: Ամանորյա օրերին մանուկներին խինդ պարգևող «Համեցեք Լապլանդիա» ներկայացումից հետո բոլոր փոքրիկ հանդիսականները առաջադրանք էին ստացել՝ նկարելու Լապլանդիան սեփական երևակայությամբ: Հենց այդ նկարների ցուցահանդեսն էլ կայացավ երեկ:
«Բոլորը պատկերացնում են, թե ինչպիսին է Լապլանդիան, բայց իրականում այն ոչ ոք չի տեսել, և մենք որոշեցինք երեխաների երևակայությամբ իմանալ, թե ինչպես են պատկերացնում Լապլանդիան հենց իրենք, – մեզ հետ զրույցում ասաց ներկայացման բեմադրիչ Լիլի Էլբակյանը, – մենք ներկայացում բեմադրելիս շատ դժվարացանք Լապլանդիան ստեղծելու հարցում, դրա համար որոշեցինք հավաքել երեխաների նկարներն ու ցուցահանդես կազմակերպել»: Տարիքային սահմանափակում չի եղել, սակայն ինչպես նշեց Լիլին՝ իրենք թույլատրել էին ծնողներին օգնել երեխաներին նկարելիս: Նկարները շատ էին, երեխաների ոգևորությունն էլ ավելի:
12-ամյա Սերգեյ Նազարյանը նկարել է իր սիրելի Լապլանդիան ինքնուրույն, ասում է. «Միշտ էլ այսպիսին եմ պատկերացրել, գովազդներով եմ տեսել ու ինձ թվում է իրականում Լապլանդիան հենց իմ նկարածի նման է»:
8-ամյա Արեն Նահապետյանն էլ մի փոքր դժգոհ է իր նկարից. «Թուղթը փոքր էր ձնեմարդուն փոքր նկարեցի», – ասաց նա, բայց փոխարենը Ձմեռ պապիկի տնակն էր շատ մեծ ու գեղեցիկ նկարել, ինչի պատճառով էլ երևի ձնեմարդուն հատկացված «տարածքը» քիչ էր 🙂
Երեխաները ստացան նաև նվերներ Ձմեռ պապիկից, և նրա համար բանաստեղծություն արտասանեցին ու երգեցին: Ներկայացման հերոսներն էլ ապահովում էին կատակներն ու խենթությունները: Ամեն ինչ իսկապես հեքիաթային էր ինչպես Լապլանդիայում:
Տիգրանուհի Թասլակյան