Լրահոս
Օրվա լրահոսը

500 միլիոն դրամի աջակցություն հայ արդյունաբերողներին

Հունվար 14,2013 16:11

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների առաջին նիստի ժամանակ քննարկվեց 2013 թվականի պետական աջակցության միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ ձեւավորվեց խորհրդի ժամանակավոր կազմը:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի ստեղծման նպատակն է արդյունաբերության աջակցումը՝ ինովացիոն ծրագրերի եւ արդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերի իրականացումն ու համակարգումը, պետություն-մասնավոր հատված երկխոսության եւ համագործակցության խթանումը։

Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հիմքի վրա ձեւավորված նոր հիմնադրամը կունենա շուրջ 500 մլն դրամի ֆինանսական ներուժ:

Էկոնոմիկայի նախարարի հավաստմամբ` 2012 թ.-ին արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկած արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 10%, իսկ 2013 թ.-ին պետական բյուջեի հիմքում դրված արդյունաբերության արժեքի աճը կկազմի շուրջ 9.2%:

«2012 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալը անկախությունից հետո առաջին անգամ հասել է 1 տրիլիոն դրամի սահմանին: 500 մլն դրամը, անշուշտ, բավարար գումար չէ արդյունաբերությանը վերաբերող խնդիրները լուծելու համար, բայց այս պահին սա է մեր հնարավորությունը: Ժամանակի ընթացքում կփորձենք նաեւ ներգրավել միջազգային եւ մասնավոր կազմակերպություններին»,- ասաց էկոնոմիկայի նախարարը` ընդգծելով, որ իրենք կփորձեն պահպանել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի առողջ ու կառուցողական կողմերը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հավաստմամբ` հիմնադրամի գործունեության շրջանակներում շուտով կգործարկվեն երկու հզոր արդյունաբերական ընկերություններ, որոնցից մեկը զբաղվում է սեւ մետաղի մշակմամբ, մյուսը` կրիստալների աճեցմամբ:

Հիշեցնենք, որ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմված է պետական եւ հասարակական հատվածների ներկայացուցիչներից: Մասնավոր հատվածը ներկայացված կլինի ռոտացիոն սկզբունքով` երկու տարին մեկ անգամ փոփոխվելով, իսկ պետական հատվածն` ի պաշտոնե:

Աշոտ Աթայան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031