Հոլիվուդում կայացել է «Ոսկե Գլոբուս»-ի 70-րդ մրցանակաբաշխությունը
«Արգո օպերացիա» ֆիլմը դարձել է Հոլիվուդում կիրակի օրն անցկացված «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության անսպասելի հաղթողը:
Ֆիլմը նվաճել է «Լավագույն դրամատիկ ֆիլմ» մրցանակը, իսկ նույն ֆիլմի ռեժիսոր Բեն Աֆլեկն արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին:
Մրցանակաբաշխության այս ամենահեղինակավոր մրցանակները, շատերի կարծիքով, պետք է ստանային «Լինքոլն» կամ «Թիվ մեկ թիրախ» ֆիլմերը: «Լինքոլն» դրամատիկ ֆիլմի գլխավոր դերակատար Դենիել Դեյ Լյուիսն այնուամենայնիվ նվաճել «Լավագույն դրամատիկ դերասան» մրցանակը, իսկ «Լավագույն դրամատիկ դերասանուհի» մրցանակը նվաճել է «Թիվ մեկ թիրախ» ֆիլիմի դերասանուհի Ջեսիքա Չեսթեյնը:
«Թշվառները» ֆիլմը նվաճել է «Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ)» մրցանակը, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Հյու Ջեքմենը նվաճել է «Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ)» մրցանակը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթընի ուղերձը շատերի կարծիքով կարելի է համարել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողության լավագույն կատարումը: Մրցանակաբաշխության ընթացքում Քլինթընի անսպասելի դուրս է եկել բեմ՝ ներկայացնելով 19-րդ դարում Միացյալ Նահանգները քաղաքացիական պատերազմից դուրս բերած նախագահի մասին պատմող՝ ռեժիսոր Ստիվեն Սպիլբերգի նկարահանած «Լինքոլն» ֆիլմը:
«Ոսկե գլոբուս» մրցանակը շնորհվում է Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի կողմից և հաճախ համարվում է գալիք ամիս Ամերիկյան կինոակադեմիայի կայանալիք մրցանակաբաշխության «նախագուշակը»:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»