Ամերիկյան The Heritage Foundation-ի և Wall Street Journal պարբերականի՝ աշխարհի ամենաազատ տնտեսությունների 2013-ի զեկույցում արձանագրված է, որ Հայաստանում քաղաքականության և բիզնեսի սերտաճումը մտահոգիչ է: Ըստ զեկույցի՝ չնայած տնտեսական ազատության առումով ՀՀ-ն բարելավել է դիրքերը, սակայն բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը ՀՀ-ում հանգեցնում է հովանավորչության ու օլիգարխիայի չափազանց մեծ ազդեցության:
Aravot.am-ը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ իրենք նկատո՞ւմ են, որ իշխանությունները համապատասխան քայլեր են իրականացնում ստեղծված իրավիճակի բարելավման առումով: Տիկին Թադեւոսյանը պատասխանեց. «Առայժմ չեմ տեսնում: Համամիտ եմ այդ գնահատականի հետ, քանի որ եթե քաղաքականությունն ու բիզնեսը սահմանազատվեն, այս իշխանությունները չեն կարող վերարտադրվել: Վերարտադրման հիմնական գործիքը կաշառքն է ու փողը, և բոլոր իշխանություններն էլ ակտիվորեն ներգրավում են բիզնեսմենների՝ խոստանալով նրանց քաղաքականություն՝ որպես տանիք և օգտագործում նրանց ֆինանսական միջոցները և վերարտադրվում: Դա այնքան պարզ և ընդունելի է մեր երկրի համար, որ այդ գնահատականը միանգամայն օբյեկտիվ է դառնում»:
Մեր այն հարցին՝ խնդրի լուծման միակ տարբերակը իշխանափոխությո՞ւնն է, թե՞ այլ լուծման ճանապարհ էլ գոյություն ունի, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Իշխանափոխության խնդիրը հիմնականում կապված է գործող իշխանությունների փոխվելու հետ: Որպես կանոն՝ ժողովրդավար երկրներում խոսքը գնում է ոչ թե իշխանափոխության, այլ արդար ու ազատ ընտրություններով իշխանություն ձևավորելու մասին: Մեր երկրում այդ խնդիրը ծագում է, քանի որ իշխանությունը ձեւավորվում է իշխանափոխության ճանապարհով: Դրա համար էլ իշխանափոխություն տերմինը մտել է գործածության մեջ, ինչը արհեստական տերմին է, որը չի լինի, եթե լինեն նորմալ ընտրություններ»:
Մեր այն դիտարկմանը, թե եթե ընդդիմությունը, մասնավորապես ՀԱԿ-ը, չի մասնակցում նախագահական ընտրություններին, ապա դա նշանակում է, որ եւս հինգ տարի այս իրավիճակը տիրապետո՞ղ կլինի: Տիկին Թադեւոսյանն այսպես պատասխանեց. «Ուզենք թե չուզենք՝ պետք է սպասենք: Մենք կսպասենք ոչ թե պասիվ, այլ կսպասենք հաջորդ ընտրություններին, քանի որ կարծում եմ, որ քաղաքական հասարակությունը, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ի վերջո մտահոգ են այս երկրի իրավիճակի մասին, ձեռքերը ծալած չեն նստելու: Հինգ տարվա ընթացքում կձեւավորվեն նոր քաղաքական ուժեր, նոր մտածողություն, կբարձրանա ընտրողի քաղաքական գիտակցությունը, միայն այդ դեպքում, երբ հայ ընտրողը պատրաստ կլինի գալ իր սահմանադրական իրավունքը իրացնելու, այդ պարագայում կունենանք այն իշխանությունը, ինչ ուզում ենք: Հետեւաբար այսօրվա պասիվությունը չպետք է տարածել փետրվարի 18-ից հետո քաղաքական իրավիճակի վրա: Այս պասիվությունը ցույց է տալիս, որ քաղաքական դաշտում չկա այն այլընտրանքը թեկնածուների մեջ, որի շուրջ կարելի է համախմբվել, ինչը աննորմալ երեւույթ է: Եթե միասնական թեկնածու չկա, մնացած ոչ մեկը ընտրվելու մի մազաչափ անգամ շանս չունի: Ուստի մենք չենք կանգնի այդպիսի թեկնածուի կողքին: Մեր նպատակը երկրորդ տեղը չէ, մեր նպատակը հաղթանակն է»:
Կարդացեք նաև
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ