Գիրքը, որը վերնագրված է «Հայաստանը եւ Յունեսկոն» անգլերենով է գրված: Այն լույս է տեսել 2010 թ-ին Կանադայում: Գրքի առաջին էջին ԲՀԿ առաջնորդի նկարն է` որպես հեղինակ և Գագիկ Ծառուկյանը ներկայացված է այսպես. «Գագիկ Ծառուկյանը հայտնի քաղաքական գործիչ է: Նա հիմնադիրը եւ առաջնորդն է Բարգավաճ Հայաստան կուսակցության, ՀՀ ԱԺ անդամ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, Միջազգային տեղեկատվության ակադեմիայի անդամ, Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 2009 թ. միջազգային մրցանակաբաշխության հաղթող, Ազգային մեծ բարերար»:
Galatv.am-ը փորձեց մանրամասներ ճշտել, թե ինչի մասին է պատմում գիրքը, որի մասին Հայաստանում շատերը տեղյակ չեն, ի՞նչ նպատակ է ունեցել հեղինակը, եւ արդյո՞ք ԲՀԿ-ում տեղյակ են իրենց առաջնորդի հեղինակած գրքի մասին կամ գիտե՞ն բովանդակությունը: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ուղղորդեց այս հարցով դիմել միանգամից ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակին՝ Իվետա Տոնոյանին: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը սկզբում ասաց, որ ինքը տեղյակ չէ գրքից, որը լույս է տեսել 2010 թ-ին, իսկ ինքը 2010-ին այդ պաշտոնը չէր զբաղեցնում, իսկ քիչ ավելի ուշ նա արդեն մանրամասներ հաղորդեց. «Գիրքը հրատարակվել է 2010 թ-ին, հեղինակը չի եղել Գագիկ Ծառուկյանը, պարզապես հովանավորել է այդ գրքի լույս ընծայումը»,- ասաց Իվետա Տոնոյանը: Մեր այն դիտարկմանը, թե գրքում ներկայացված է ԲՀԿ առաջնորդը՝ որպես հեղինակ, Իվետա տոնոյանն ասաց, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, պարզապես սխալվել ու որպես հեղինակ ներկայացրել են ԲՀԿ առաջնորդին. «Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի կայքում ինֆորմացիա եղել է այն մասին, որ թյուրիմացություն է եղել, արդեն հրատարակված եղել է եւ հո նորից չէր վերահրատարակվելու: Գագիկ Ծառուկյանը եղել է մտքի, գաղափարի հեղինակը եւ հովանավորել է հրատարակչությունը, մնացած աշխատանքներն արվել է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի կողմից եւ հեղինակը ակադեմիան է»,-ասաց Իվետա Տոնոյանը:
Քրիստինա Մկրտչյան