Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կամո Սեյրանյանը՝ հայտնի տեսանյութի մասին. Ի՞նչ կայֆավատ ու թշնամի (Տեսանյութ)

Հունվար 14,2013 14:50

Ճանաչված դուդուկահար, Երեւանի պետկոնսերվատորիայի դասախոս Կամո Սեյրանյանը Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով 2012 թվականը՝ ասաց, որ այն իր համար բուռն տարի էր՝ շրջագայություններով ու համերգներով լի: «Ամենակարեւոր իրադարձությունն այն էր, որ ՀՀ նախագահի հրամանագրով ինձ շնորհվեց վաստակավոր արտիստի կոչում: Անցյալ տարի նաեւ իրականացավ նվիրական երազանքս՝ ճոխ համերգ ունեցա Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված: Այդ առիթով Հայաստան էին հրավիրել 11 աշխարհահռչակ երաժիշտներ եւ ուրախալի էր, որ հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Համերգին մասնակցում էին շեփորահար Ռամոն Ֆլորեսը, տավղահար Վիկտոր Էսպինոլան, թավջութակահար Ալեքսանդր Ժիրովը, բասկիթառահար Հովա Բուրյանը, մեր հայրենակից Արմեն Մովսիսյանը, եռակի «Գրեմմի»-ակիր, հարվածային գործիքներ նվագող Արչի Պենան: Վերջինս հանդես է գալիս Շակիրայի, Ռիկի Մարտինի հետ, նրա գրած երգերից է աշխարհի ֆուտբոլի խաղերի բացման «Go Go Go, Ole Ole Ole» հայտնի երգը: Համերգն անցավ բարձր մակարդակով, եւ հայ հանդիսատեսը սիրեց «Forbidden Saints » խմբին: Շուտով պատրաստ կլինի համերգի DVD-ն, եւ մեր հայրենակիցները կտեսնեն ու կլսեն, թե ինչպես են արտասահմանցի երաժիշտները նվագակցում դուդուկին՝ Կոմիտաս ու ժողովրդական երգեր հնչեցնելիս »,-նշեց Կամո Սեյրանյանը:

Նա ասաց, որ 6 տարի ակտիվ լինելով շոու-բիզնեսում, դուդուկի ազգային երանգը չի փոխել. «Դուդուկին նոր մեկնաբանություն եմ տվել, ընդամենը միքսեր արել, դուդուկի հետ դասական գործիքներ եմ հնչեցրել»:

Կամո Սեյրանյանն առանձնացրեց նաեւ անցյալ տարի

«Նոր Ալիք» երգի մրցույթում իր եւ ռուսական էստրադայի ամենահայտնի աստղերից՝ Ալսուի հետ դուետը, ինչպես նաեւ Երեւանում՝ Իոսիֆ Կոբզոնի հետ հանդես գալը . «Իգոր Կրուտոյը մի քանի ժամվա մեջ որոշեց, որ պիտի Ալսուի «գործի մեջ նվագեմ» ու ընդամենը 10 րոպե ժամանակ ունեցա փորձելու, չնայած երգը չգիտեի, միայն տոնայնությանն էի ծանոթ, բայց ինձ հզոր եւ ինքնավստահ էի զգում, որովհետեւ լավ եմ տիրապետում իմ սիրելի դուդուկին»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ վերջերս շրջանառության մեջ դրված սկանդալային տեսանյութին. մի հավաքույթի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ երգիչ Սպիտակցի Հայկոն, Կամո Սեյրանյանն ադրբեջանցի երգիչ Նասիբին ասում է՝ մեր գլխի վրա տեղ ունես:

Ճանաչված դուդուկահարը զարմանք հայտնեց, որ 2007թվականի տեսագրությունը նոր են շրջանառության մեջ դնում, հետո էլ հավելեց. «Ես էդ ամեն ինչին լուրջ չվերաբերվեցի, ընկերներս զանգում էին, ես բոլորին ասում էի՝ ոչինչ, նորմալ է: Կատակում էի, թե մեկուկես տարի է տեսահոլովակ չունեմ, եթերից էլ մի փոքր հետ եմ ընկել, եւ տանը նստած՝ ոմանք ակամայից PR արեցին ինձ համար: Ուղղակի մի քանի կոպիտ մեկնաբանությունների վրա զայրացա: Հավաքույթը եղել է 2007 թվականին, դա իմ ընկերոջ ծննդյան միջոցառումն էր, որին մասնակցել ենք ընտանիքներով: Չգիտեմ ինչպես ստացվեց, այդ օրն ինձ թամադա նշանակեցին, եւ ես առաջնորդվեցի հայկական օջախին բնորոշ հյուրընկալության կանոններով: Հիմա էդ մարդուն՝ Նասիբին, որը հյուր էր, ընդ որում՝ կիսով չափ վրացի, ասեի՝ գնա, ինչո՞ւ ես եկել…այդ պահին ես նրան Մառնեուլից եկած հյուր եմ դիտարկել, ոչ թե որպես թշնամի: Ինչ վերաբերում է իմ հայրենասիրությանը, ես բազմիցս դա փաստել եմ իմ հնչեցրած ազգային զուլալ երաժշտությամբ…Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի «Օրորը», առաջինը ես եմ հնչեցրել դուդուկով, նվագում եմ Բաբաջանյան,Կոմիտաս, հոգեւոր երաժշտություն: Եվ հետո ես ո՞նց կարող եմ թշնամուն իմ գլխի վրա դնել, երբ հարազատ եղբայրս ղարաբաղյան պատերազմից հետո երկրորդ կարգի հաշմանդամ է դարձել, ու մեր ընտանիքը պատերազմն իր մաշկի վրա է զգացել…Մի նյութում էլ գրել էին, թե կայֆավատ եմ լինում ադրբեջանցիների հետ: Նախ՝ էնտեղ 30 հայ կար, եւ մի կիսով չափ ադրբեջանցի: Ուրեմն եթե մարդիկ գնում են իրենց ընկերների ծնունդին, դա կոչվում է կայֆավա՞տ…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031