Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարար. Բագրատյանը «չափելի, կշռելի խոստումներ» է տվել

Հունվար 14,2013 14:44

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի բնութագրմամբ, ՀԱԿ սառեցված անդամ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագիրը «բավականին բարձր մակարդակի վրա ձեւավորված ծրագիր է»:

Նախկին նախարարը չի մտաբերում մի դեպք, որ նման ծրագիր տեսած լինի ՀՀ անկախ պետության ժամանակաշրջանում որեւէ մի թեկնածուից կամ կուսակցությունից: «Բագրատյանի ծրագիրն աչքի է ընկնում, մասնավորաբար, իր հստակությամբ, կարեւորագույն ուղղությունների եւ թիրախների հանրագրմամբ: Բոլոր բաժինները եւ ուղղությունները միմյանց հետ տրամաբանական կապվածութուն ունեն, ինչը ես կարեւոր եմ համարում: Նաեւ մի կարեւոր հանգամանք` հիմնական խոստումները չափելի են: Այսինքն, թեկնածուի ընտրվելու դեպքում հանրությունը վաղը-մյուս օրը կարող է ասել` այս ցուցանիշը դու ամրագրել էիր, որ պետք է հասնես դրան ու չես հասել: Այսինքն, ծրագիրը հստակ է եւ լոզունգային չէ: Չափելի, կշռելի խոստումներ են տրված»,- ասում է մեր զրուցակիցը:

Ինչ մնում է ծրագրի առողջապահության մասին, առողջապահության նախկին նախարարը նկատում է, որ ծրագիրն անվանված է տնտեսական ծրագիր ու այդ տեսանկյունից փաստում է, որ առողջապահության էկոնոմիկային վերաբերվող երկու հիմնական եւ կարեւոր դրույթներ են ամրագրված. «Հստակ խոստում կա, երեք տարիների ընթացքում ՀՆԱ-ից առողջապահությանը հատկացվող միջոցները հասցնել մինչեւ 5-5,5 տոկոս, պետական պատվերի` մրցույթային մեթոդով տեղադրման գաղափարն է առաջ քաշվում: Տնտեսագիտական տեսանկյունից, այս երկու կետերը, որոնք հիմնականում բերված են ծրագրում, այո, բնականաբար, առողջապահական ոչ բոլոր խնդիրներն են իրենց մեջ ընդգրկում, սակայն, առողջապահության էկոնոմիկայի տեսանկյունից շատ կարեւոր ուղղություններ են մատնանշում»:

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում Հրանտ Բագրատյանը հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ նախագահական այս ընտրությունները պետք է տնտեսությունն առաջ գցեն։ Ինձ համար քաղաքականություն չկա, կա տնտեսություն։ Քաղաքականությունը լոզունգներ են, տնտեսությունը հաշվարկ է, գիտելիք»: Արարատ Մկրտչյանն ամբողջությամբ չի կիսում իր զինակցի այս մոտեցումը, քանի որ համարում է, որ նախագահական եւ պառլամենտական ինստիտուտների, կառավարության եւ վարչապետի առկայության դեպքում, նախագահն առավելապես քաղաքական ֆիգուր է հանդես գալիս: Եթե փոփոխվի կառավարման համակարգը եւ անցում կատարվի պառլամենտական կառավարման համակարգին, մեր զրուցակիցն ամբողջությամբ կկիսի Հրանտ Բագրատյանի մոտեցումը:

Aravot. am-ի հարցին` Դուք սատարե՞լու եք Հրանտ Բագրատյանին, թե կհետեւեք այն ՀԱԿ-ականների օրինակին, ովքեր այսօր քննադատության թիրախ են դարձրել իրենց, կարելի է ասել, արդեն նախկին զինակցին, Արարատ Մկրտչյանը պատասխանեց. «Ես գաղափարների աջակից եմ եւ այն գաղափարները, որոնք բերված են Բագրատյանի ծրագրում, իմ կողմից ընկալել եւ ընդունելի են: Ինքս որոշ, շատ համեստ, մասնակցություն եմ ունեցել ընդհանրապես «100 քայլ» ծրագրի քննարկումներին ու այդտեղից բխող առողջապահական ծրագրին: Բարոյական, նաեւ քաղաքական տեսանկյունից, բնականաբար ես պետք է, անհրաժեշտության դեպքում` եթե կարիք զգացվի, աջակցեմ պարոն Բագրատյանին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031