Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում գործունեություն սկսած ասպետական միաբանությունը վստահեցնում է, որ կապ չունի մասոնության հետ (Տեսանյութ)

Հունվար 14,2013 14:36

Այսօր Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի կոնֆերանս-դահլիճում Կիլիկիայի Թագավոր Լևոն Մեծագործի Անվան Երուսաղեմի Տաճարի Ինքնիշխան Ռազմական Միաբանությունը` Գերագույն հրամանատար Բագրատ Լալայանի գլխավորությամբ եվ Միաբանություն ասպետների մասնակցությամբ խոսեցին Կիլիկիայի թագավորության հիմնադրման օրվա նշանակության եւ Կիլիկիայի Թագավորության օր հռչակելու մասին:

Գերագույն հրամանատար Բագրատ Լալայանը հայտնեց, որ Միաբանությունը Հայաստանում սկսել է գործել 2012 թ-ից եւ արդեն իրականացրել է մի շարք բարեգործական եւ մշակութային ծրագրեր. «Միաբանությունն ի սկզբանե հայտնի էր որպես «Քրիստոսի ու Սողոմոնի տաճարի աղքատ ասպետների միաբանություն», իսկ ներկայումս կազմակերպության հրամանատարությունները գործում են 40-ից ավելի երկրում: 1118թ-ին Երուսաղեմում կատարած առաջին խաչակրաց արշավանքից հետո, ֆրանսիացի բարեպաշտ ասպետների կողմից հիմնված Միաբանությունը փառքի է արժանացել՝ քրիստոնեական հավատի եւ եվրոպական քաղաքակրթության թշնամիների դեմ Սուրբ հողում մղած պատերազմում: Հայկական Կիլիկիայի ասպետները, Ֆրանսիայի տաճարական ասպետների եւ այլ խաչակիրների հետ ուս-ուսի տված պաշտպանել են քրիստոնյաների հայրենիքի, հավատի ու կյանքի իրավունքը»:

Գերագույն հրամանատար Վազգեն Պետրոսյանը ներկայացրեց Միաբանության հռչակագիրը, համաձայն որի. «Կիլիկիայի հայոց թագավորության օրը նշելու անհրաժեշտություն կա: Ազգի ներկայիս եւ հետագա ճակատագրից առավել կարեւոր բան գոյություն չունի մեզ համար: Այդ է պատճառը, որ ազգովի պետք է անդրադառնանք անցյալի մեր պետականության պատմությանը»:

Խնդրի շուրջ Բագրատ Լալայանը հավելեց, որ Միաբանության Հայկական Գերագույն Հրամանատարությունը Կիլիկիայի թագավորության օր է առաջարկում նշել հունվարի 14-ը. «ՀՀ կառավարությանն առաջարկում ենք քննարկել, ընդունել եւ հաստատել այդ օրը՝ որպես Կիլիկիայի թագավորության հռչակման օր»:

Aravot.am-ը բանախոսներից հետաքրքրվեց, թե արդյոք առնչություն ունի Միաբանությունը մասոնության հետ. «Տաճարականների միաբանությունը ստեղծվել է մոտ 1000 տարի առաջ եւ ինքնիշխան քրիստոնեական միաբանություն է, առնչություն չունի այլ հոգեւոր, քաղաքական կազմակերպությունների հետ: Մենք ինքնուրույն կազմակերպություն ենք, որն ունի բավական երկար պատմություն»,-վստահեցրեց Լալայանը: Գերագույն Արարողապետ Միքայել Մադաթյանն էլ հավելեց, որ կազմակերպությունը բաց է գործում:

Մեր հարցին, թե Միաբանությունն ինչ հարաբերությունների մեջ է Հայ Առաքելական եկեղեցու հետ եւ արդյոք առկա են համագործակցության եզրեր, Միքայել Մադաթյանը պատասխանեց. « Համագործակցության որոշակի եզրեր կան. կուզենայինք, որ դրանք ավելի սերտանային եւ ընթացքում համատեղ ծրագրեր մշակվեին: Դժվար թե խաչակիրները եկեղեցու դեմ ինչ որ բան ունենան, նրանք հենց եկեղեցին պաշտպանող ասպետներ են, այդ իսկ պատճառով լավագույն հարաբերությունների մեջ ենք Առաքելական եկեղեցու հետ»:

Հայ Առաքելական եկեղեցու տեսակետը կներկայացնենք առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031