Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմամշակութային հուշարձանին ապօրինաբար և միտումնավոր կերպով հասցվել է չափազանց մեծ վնաս

Հունվար 14,2013 14:20

ՀՀ Նախագահ

պրն. Սերժ Սարգսյանին

Երևանի պահպանության

նախաձեռնությունների միավորման անունից

 ք. Երևան,

14 հունվար 2013թ.

 

Հարգարժան պրն. Նախագահ,

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի սրտում տեղի է ունենում օրենքի բացահայտ և հետևողական խախտում։ Մայրաքաղաքի կենտրոնական 1–ին (Ծածկած) շուկայի շենքը, որն ընդգրկված է ՀՀ պետության կողմից պահպանվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան,  վերանորոգման անվան տակ ենթարկվում է վայրագ վերակառուցման՝ շենքի սեփականատիրոջ կողմից, առանց համապատասխան թույլտվության և պատմամշակութային հուշարձանի վերակառուցման համար անհրաժեշտ  պատշաճ  կազմված եւ համապատասխան ատյաններում համաձայնեցված նախագծի։

Հասարակութունը առաջին իսկ օրվանից շարունակաբար, ահազանգում է տեղի ունեցող օրինախախտման մասին, ինչի հետևանքով Ծածկած շուկայում իրականացվող շինարարական աշխատանքները մեկ անգամ դադարացվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայամանով, որ կարող են վերսկսվել միայն հուշարձանի վերակառուցման նախագիծ ներկայացնելուց և պետական լիազոր մարմնի կողմից համաձայնություն ստանալուց հետո։  Ցավոք, մինչև քաղաքապետարանի այդ որոշումը, շենքը արդեն իսկ ենթարկվել էր մասնակի բարբարոսական ավերման։ Բացի այդ, թե՛ Քաղաքապետարանը, թե՛ մշակույթի ու քաղաքաշինության նախարարությունները, և թե՛ Ծածկած  շուկայի շենքի սեփականատերը վստահեցնում և երաշխավորում էին, որ վերակառուցման աշխատանքները որևէ կերպ չեն ազդելու շենքի նախնական կերպարային, կոնստրուկտիվ, ծավալատարածական լուծման վրա։

Այդուհանդերձ, զրոյական նիշի մակարդակով աշխատանքներ անելու թույլտվություն ստանալուց հետո, Ծածկած շուկայի սեփականատերը շարունակել է ապօրինի շինարարությունը ՝ քանդելով շենքի կեսը ներսից, մտցնելով դրա մեջ մի նոր կառույց, որը որևէ կապ չունի հուշարձանի ոչ նախնական, ոչ էլ վերակառուցման որևէ գիտամեթոդական մոտեցման տեսանկյունից ընդունելի տարբերակի հետ։

Փաստորեն, պատմամշակութային հուշարձանին ապօրինաբար և միտումնավոր կերպով հասցվել է չափազանց մեծ վնաս, որի հետևանքով հուշարձանը կորցրել է իր կերպարային ամբողջականությունը։ Օրենքի  հետևողական  խախտումը շարունակվում է առ այսօր, պատասխանատու գործադիր գերատեսչությունների (մշակույթի նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, Երևանի քաղաքապետարան) պասիվ և կասկածելիորեն անտարբեր դիրքորոշման պայմաններում։ Ակնհայտ է նաեւ, որ գերատեսչությունները փորձում են ազատվել պատասխանատվությունից, գցելով այն մեկը մյուսի վրա, չնայած, որ օրենքը հստակ սահմանում է հուշարձանի պահպանության եւ օգտագործման հետ կապված գործընթացների հերթականությունը, եւ սեփականատիրոջ ու յուրաքանչյուր պետական մարմնի պարտավորություններն  ու պատասխանատվության սահմանները:  Ու մինչդեռ պատասխանատու գերատեսչությունները շարունակում են քայլեր չձեռնարկել՝  կանգնեցնելու համար այդ բացահայտ օրինազանց վանդալիզմը, Երևանը կորցնում է իր ամենանշանավոր հուշարձաններից մեկը, իսկ հանրությունը կորցնում է իր վստահությունը Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔԻ գերակայության գաղափարի նկատմամբ։

Մյուս կողմից, Ձեր իսկ գլխավոր ելույթներում մշտապես շեշտվում է Օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, սակայն այս դեպքը Օրենքի ընտրովի կիրառման ճչացող օրինակ է, եւ դժվար է պատկերացնել, ինչպես է քաղաքապետարանը քաղաքաշինական գործունեությամբ զբաղվող մնացած քաղաքացիներից պահանջելու հետեւել օրենքին:

 

Հարգարժան պրն. Նախագահ,

Դիմում ենք Ձեզ, որպես ՀՀ Սահմանադության և օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը ապահովող ԵՐԱՇԽԱՎՈՐԻ։ Խնդրում ենք հնարավորինս շուտ միջամտել ստեղծված անհասկանալի իրավիճակին և կանխել օրենքի նման ցինիկ խախտումը, որի հետևանքով վերանալու է Երևանի նշանային և ամենասիրելի կառույցներից մեկը։ Պահանջում ենք, որ Շուկայի տարածքում ապօրինի առաջացած նոր կառույցը օր առաջ ապամոնտաժվի եւ հուշարձանը վերականգնվի իր նախկին տեսքով:

 

Հարգանքով,

Երևանի պահպանության նախաձեռնությունների միավորում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031