Այսօր ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը խոսեց Ադրբեջանում կաշառակերության ահագնացող չափերի, վաճառվող ադրբեջանական պատգամավորական մանդատների, պետական աշխատողներին չվճարված աշխատավարձերի ու բանակում կատարվող սպանությունների հսկայական թվի ու հայ-վրացական քաղաքական նոր զարգացումների ու հեռանկարների մասին:
Նրա խոսքով՝ «Բողոքի ցույցերը կապված են վերջերս ադրբեջանական բանակում մահացած զինվորի հետ: Ադրբեջանում լուրեր են շրջանառվում այն մասին, թե այդ ցույցերը իշխանությունների կողմից են կազմակերպված: Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները վաղուց են զբաղվում ապատեղեկատվությամբ եւ պետք է նշեմ, որ ցավալի է, որ հայկական ԶԼՄ-ները այդ խայծը կուլ են տալիս: Կարծում եմ՝ նախքան լուր տեղադրելը, անհրաժեշտ է նախ ստուգել աղբյուրը»:
Ասատրյանն անդրադառնալով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցին՝ նշեց, որ ակնհայտ է, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում նախկին ջերմությունը այլեւս չկա, ինչպես նախկինում՝ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք էր: Սակայն, ըստ ադրբեջանագետի, մի բան ակնհայտ է՝ «Վրաստանն այժմ փորձում է տարածաշրջանում վարել կոմպլեմենտար քաղաքականություն` միաժամանակ մտադրվելով բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ