Լրահոս
Օրվա լրահոսը

Մատաղիսի գործ. սպանված զինծառայող Ռոմանի հարազատները վստահեցնում էին, որ «մարդասպանները» փորձել են գնել իրենց (Տեսանյութ)

Հունվար 14,2013 13:45

Մատաղիս զորամասում սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հորեղբայրը, մայրը եւ հարազատներն այսօր «Հայելի» ակումբում խիստ վրդովված ասուլիս էին հրավիրել: Նրանց վրդովեցրել է այն, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարության դատավճիռ էր կայացրել՝ 3 մեղադրյալների՝ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի հետ կապված:

Սպանված զինծառայող Ռոմանի հարազատները վստահ են, որ այդ տղաներն են հենց մարդասպանները: Հարցին՝ թե ինչու մյուս սպանվածի՝ Հովսեփ Մկրտումյանի ծնողներն այլ կարծիք ունեն, գտնում են, որ 3 տղաները, որոնք կալանավորվել էին, մեղավոր չեն՝ Ռոմանի հորեղբայր Արթուր Եղիազարյանը պատմեց. «Մովսեսը՝ Հովսեփի հայրը, մի օր եկել է իմ հետ խոսալու, թե Արթուր, արի գնանք Լենինական: Հետո իմացա, որ նա հենց Լենինականի կողմից է եկել մեր տուն»: Մենք ճշտեցինք, թե Լենինականում ո՞վ է ապրում, ո՞ւմ տնից է եկել՝ հորեղբայրը վստահեցրեց, որ այնտեղ է ապրում «մարդասպաններից մեկը՝ Ռազմիկը», եւ Հովսեփ Մկրտումյանի ծնողները համաձայնության են եկել նրա ընտանիքի հետ:

Ավելին՝ Ռոմանի մայրը՝ Գոհարը, վստահեցրեց, որ իրենց էլ են առաջարկել համաձայնության գալ՝ «ուզում էին որդուս արյունը ծախել: Ոմն Վաչե եկավ, թիվ չի ասել, ասում էին՝ ինչ եղել է, եղել է: Ասի՝ դուրս արի իմ տնից, եթե ուզում ես ամբողջ մարմնով դուրս գաս»:

Լրագրողների դիտարկմանը, որ ձեզ էլ մեղադրում են Գագիկ Ջհանգիրյանի հետ համագործակցելու մեջ՝ նրանք վստահեցրին, որ Ջհանգիրյանը շատ ճիշտ որոշում է կայացրել՝ զինդատախազ եղած ժամանակ:

Հարազատները իրենց հետ բերել էին մի ձայնասկավառակ. «Այստեղ կա մարդասպան Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքը, որտեղ պատմում է, թե ոնց է երեխաներին սպանել, խփել»: Ըստ հորեղբոր, այս տեսագրությունը տեսնելուց հետո որեւէ մեկի մոտ հարց չի առաջանա, բոլորն էլ կհամոզվեն, որ հենց նրանք են մարդասպանները:

Հարազատները մեղադրում էին նաեւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ մարդասպաններին ամեն կերպ արդարացնելու փորձ անելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031