Այսօր Բաղրամյան 26-ի դիմաց հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել: Հայտնի «Բանդայի» գործով մեղադրյալ Քյարամ Ամոյանի հարազատներն այսօր հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց: Նրանք պահանջել են անձամբ հանդիպում կազմակերպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն ոստիկանները հայտնել են, որ այդ պահանջը չեն կատարի: Ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մորը ընդունել է նախագահի աշխատակազմի դիմումների եւ բողոքների ընդունման բաժնի աշխատակիցը, ով հայտնել է, որ մինչեւ դատական նիստը չավարտվի, նախագահականից ոչնչով չեն կարող օգնել: Ամբաստանյալի մայրը galatv.am-ի լրագրողի հետ զրույցում նշել է. «Իմ երեխան անմեղ է, ինքը էդ դեպքի օրը նույնիսկ ստեղ չի եղել, ո՞նց կարար այդ գողությանը մասնակցեր: Իրական մեղավորները դրսում քարշ են գալիս, հիմա ուզում են իմ տղայի գլխին սարքել»: Մայրը հայտնել է, որ ոստիկանությունում խոշտանգել են իր որդուն եւ ստիպել, որպեսզի մեղքը իր վրա վերցնի: «Էրեխուս էն օրն են գցել, որ չեք պատկերացնում, աջ ձեռքի չորս մատները կտրել են, երեք օր շարունակ հաց չեն տվել, երբ վատացել է շտապ օգնություն են կանչել, բայց իրանք էլ են հրաժարվել տանել հիվանդանոց»,- նշել է Կարինե Ամոյանը:
Նշենք, որ սույն գործը քննվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ ամբաստանյալի մոր պնդումների` այս գործի հետեւում կանգնած է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով եւ հովանավորում է իրական մեղավորներին:
Փայլակ Ֆահրադյան