Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ Արամ Հարությունյանին. «Չեմ կարծում, որ բացի «նախագահի թեկնածու» այդ պաշտոնից, նա որեւէ բան արել է դաշտում»

Հունվար 14,2013 12:42

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը խոսելով ընտրությունները բոյկոտելու մասին՝ ասաց, որ բոյկոտը քաղաքական քայլ է, քաղաքական կատեգորիա է, բայց դրա համար պետք են որոշակի չգրված կանոններ. «Դրա համար պետք է հայտարարել: Մինչ օրս որեւէ քաղաքական ուժ չի հայտարարել, որ ինքը բոյկոտում է, չի մասնակցում: Իսկ այն թեկնածուները, որոնք խոսում են դրա մասին, արհեստական ինչ-որ աժիոտաժ են փորձում ստեղծել: Եթե կա գոնե 2-3 մասնակից ընտրական պրոցեսների, բոյկոտի մասին խոսելն անհեթեթ է»:

Ընտրագրավի մուծման հետ կապված աժիոտաժը ՀՀԿ պատգամավորը նույնպես արհեստական որակեց՝ նշելով, որ Սահմանադրության հետ որեւէ անհամապատասխանություն այդտեղ չկա. «Դա գործիք է հանդիսանում, որ արհեստական, շեղում անելու համար թեկնածուներ չլինեն, որոնք արհեստականորեն կխաթարեն ընտրական պրոցեսները: Դա անհրաժեշտ է, որ արհեստական թեկնածուներից զերծ մնանք»: Ըստ նրա, եթե քարոզարշավի համար պետք է 100 մլն, այդ 8 մլն-ը որեւէ խնդիր չպետք է առաջացներ:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե նախորդ նախագահական կամ այս ընտրություններին այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի կողմից «ներդրված» արհեստական թեկնածուներ չե՞ն եղել՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ինչի համար պետք է ներդնենք, ո՞ւմ ենք ներդրել՝ էպոսագետի՞ն, Հրանտ Բագրատյանի՞ն, Պարույր Հայրիկյանի՞ն, Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, նմանատիպ խնդիր չկա: Ես կցանկանայի, որ գոնե այս ընտրություններին գնայինք հավատով: Նախկին ընտրություններին միգուցե եղել է, կամ չի եղել»:

Իսկ ընտրագրավի անհրաժեշտության հետ կապված՝ ՀՀԿ պատգամավորի խոսքերով՝ մեր երկրում առանց այն էլ ամբիցիաները չափից ավելի են, եւ այնքան մարդ նախագահի թեկնածու կդառնա, որ օրենքի համապատասխան նրանց վստահված անձանց ապահովելու դեպքում Մարզահամերգային համալիրը փոքր կլինի՝ ընտրատեղամասի համար:

Էդուարդ Շարմազանովը հարգանքով է խոսում ընդդիմադիր մրցակիցների՝ Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին: Հարցին՝ ինչո՞վ է դա պայմանավորված, ՀՀԿ-ն հանգի՞ստ է, դրա՞ համար՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ հարգանքի արժանի են, միգուցե դրա համար է Էդուարդ Շարմազանովը հարգանքով խոսում. «Նույնը կարող եմ ասել Պարույր Հայրիկյանի համար, բայց չեմ կարող ասել էպոսագետի համար»:

Մեր հարցին, թե ի՞նչ կասեք Արամ Հարությունյանի մասին՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ բացի «նախագահի թեկնածու» այդ պաշտոնից, Արամ Հարությունյանը որեւէ պաշտոն ունեցել է երբեւէ, որեւէ բան արել է քաղաքական դաշտում»: Ըստ պարոն Սահակյանի, նա որեւէ կերպ աչքի չի ընկել եւ միայն ընտրությունից ընտրություն է ի հայտ եկել:

Հովհաննես Սահակյանը հուսախաբ արեց ընտրակաշառքի սպասողներին. «Ընտրակաշառք չի լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031