Հայր դառնալը շատ հեշտ է, հայր լինելը, ընդհակառակը՝ շատ դժվար:
Վիլհելմ Բուշ
«Տասը մատ ունեմ, որ մեկն էլ կտրես, նույն չափով կցավի». Այս խոսքերը հաճախ ենք լսում այն հայրերի շուրթերից, որոնց մենք հարց ենք ուղղում՝«Ու՞մ եք ամենից շատ սիրում Ձեր տղային թե աղջկան»: Որքան էլ շատ տղամարդիկ գերադասեն ունենալ տղա ժառանգ, անժխտելի է այն, որ նրանք նույնքան սիրով են վերաբերվում իրենց բոլոր երեխաներին: Հայրական սերը, սակայն, տարբերվում է մայրական սիրուց: «Երեխայի (կարևոր չէ սեռը) և հոր փոխհարաբերությունների հիմքը դրվում է այն շրջանում, երբ դեռ երեխան գտնվում է մոր արգանդում: Երեխայի ծնունդից հետո շատ կարևոր են հոր և երեխայի սկզբնական փոխհարաբերությունները: Փոքրիկի անգիտակցական մակարդակում մեծ է հոր նշանակությունը»,-ասում է հոգեբան Աննի Հովհաննիսյանը և հավելում, որ երեխայի մեծանալուն զուգահեռ փոքրիկիը սկսում է հայրական սիրո և պաշտպանության կարիք զգալ: «Հորից նա քաղում է ինքնուրույնություն, դժվար իրադրություններից ճիշտ կողմնորոշվելու ունակություն»,-հավելում է հոգեբանը: Նա նաև նշում է, որ հաճախ աղջիկներն ավելի են կապվում իրենց հոր հետ, իսկ տղաները՝ մայրերի: «Օրինակելի հայրերը, իրենց դստրերի համար տղամարդու իդեալ են համարվում: Աղջիկները երբեմն երազում են հանդիպել այնպիսի տղամարդկանց, որոնք մի շարք հատկանիշներով նման կլինի իրենց հայրերին»,-ասում է Աննի Հովհաննիսյանը: Լինում է նաև, որ տղամարդը, չունենալով տղա զավակներ, իր աղջիկներից մեկին վերաբերում է այնպես, ինչպես կվերաբերվեր որդուն՝ իհարկե, որոշակի վերապահումներով: 4 դստրերի հայր պարոն Սահակը անկեղծանում է՝ իր կրտսեր աղջկան անվանում է Հակոբիկ: «Բոլորին էլ շատ եմ սիրում, երբեք չեմ նեղվել, որ տղա չունեմ, երեխան մնում է երեխա, կարևորը առողջ լինի: Բոլոր աղջիկներիս պսակել եմ, բացի Հակոբիկից, ուզում եմ` նա ինձ հետ ապրի, թող տնփեսա բերի»,-ասում է նա: Իսկ 56-ամյա Արամայիսը պատմում է, որ ինքն ամենից շատ սիրում է իր դստերը և որ նա իր կյանքի լույսն է: «Ստելաս իրա պապայի բուլկին ա, ի՞նչ էի անելու առանց իրա, ինքն էլ ինձ ա շատ սիրում»,-ասում է նա: Հարցին, թե ինչպես կընդուներ իր դստեր ամուսնության փաստը, պարոն Արամայիսը պատասխանում է. «Ես շատ ուրախ կլինեմ իմ աղջկա երջանկության համար, բայց նույնիսկ փեսաս չի կարող ինձանից խլել իմ աղջկան: Ես այցելելու եմ նրանց այնքան, մինչև որ զզվեցնեմ (կատակում է-հեղինակ) »: 24-ամյա Արփինեն էլ պատմում է, որ իր ամուսնության օրն հայրն ավելի շատ էր վշտացել, քան մայրը: «Նա այնպես էր արտասվում… այդքան տխուր մեկ էլ տեսել եմ եղբորս բանակ գնալու օրը»,-ասում է նա:
«Կանայք ավելի դյուրագրգիռ են ու զգացմունքային, բայց դա չի նշանակում, որ նրանք իրենց զավակների հանդեպ սիրով զիջում են տղամարդկանց: Հատկապես հայերը աչքի են ընկնում երեխայասիրությամբ: Եթե շատերի համար տղաները կապիտալ են, ապա կան նաև այնպիսիները, որոնք իրենց աղջիկների ուսման, հագուստի և այլնի համար պատրաստ են իրենց զրկել հանգստից և անդադար աշխատել»,-ասում է հոգեբան Անի Հովհաննիսյանը:
Նազենի Բաղդասարյան